Ի՞նչ է կատարվում նավթամթերքի շուկայում․ «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն» ընկերությունն առաջ է անցել «Ֆլեշ»-ից
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպիսի իրավիճակ է ներկայումս Հայաստանի նավթամթերքի ներմուծման շուկայում, ո՞ր ընկերություններն են առաջատար այս ոլորտում։
Մոտ մեկ ամիս առաջ «Ա1+»-ի հրապարակած հոդվածում նշել էինք, որ «նավթամթերքների տեղափոխման մենաշնորհը մնում է, փոխադրման սակագինը նույնն է, փոխվել է միայն կարտելը (խոշոր կապիտալիստական արդյունաբերական ձեռնարկություն՝ շուկայական մենաշնորհի հասնելու համար): Եթե նախկինում այդ կարտելում Վրաստանից «Petrocas Energy»-ն էր, իսկ Հայաստանից «Flesh» (Ֆլեշ) ընկերությունն էր, ապա հիմա Վրաստանից «Տերմինալ 1»-ն է, իսկ Հայաստանից ՝ «CPS Oil Corporation»-ը (ՍիՓիԷս օիլ քորփորեյշն)» ընկերությունը։
Այս թեմայով այժմ «Ա1+»-ը զրուցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Մրցակցության պաշտպանության վարչության գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժնի պետ Հայկ Սարգսյանի հետ։
Դիտարկում ներկայացրինք, որ Հայաստանի նավթամթերքի ներմուծման հարցում «ՍիՓիԷս» ընկերությունը գերիշխող դիրք է գրավում, և կարծես թե նաև մենաշնորհային դիրք է գրավում։
«Որպեսզի ավելի ճիշտ մեր արտահայտություններում լինենք, որպես այդիպիսին մենաշնորհային դիրք բենզինի կամ դիզելի, առհասարակ վառելիքի շուկայում չկա։ Այսինքն՝ մենաշնորհային դիրք է համարվում այն դիրքը, երբ որ ընդամենը մեկ խաղացող է։ Այս դեպքում Դուք երևի մեր օրենքի տեսանկյունից նկատի ունեք գերիշխող դիրք հասկացությունը։ Այսինքն՝ այո, «ՍիՓիԷս» ընկերությունը խոշոր ներմուծող և իրացնող ընկերություն է։ Այո՛, մեր օրենքի իմաստով՝ այն գերիշխող ընկերություն է, բայց որպես այդպիսին այն մենաշնորհային ընկերություն չէ, որովհետև բացի իրենից կան նաև ուրիշ խոշոր ընկերություններ»,- ի պատասխան նշեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում էնրան, որ «ՍիՓիԷս»-ը գերազանցել է «Ֆլեշ» ընկերությանը, ըստ նրա, դա նորմալ շուկայական, տնտեսական գործընթաց է, յուրքանչյուր տարի տնտեսվարողների ներմուծման տեսակարար կշիռները փոխվում են․ «Այո՛, տարի կար, որ այլ ընկերություն էր ավելի շատ ներմուծում, հիմա «ՍիՓիԷս»-ն է»։
Դիտարկմանը՝ նախկինում «ՍիՓիԷս»-ից առաջ «Ֆլեշ» ընկերությունն է այս ոլորտում գերիշխող դիրք գրավել, Սարգսյանը պատասխանեց, որ գերիշխող դիրք հասկացության դեպքում պարտադիր չէ, որ մեկ ընկերություն գրավի, և ՀՀ օրենքի համաձայն՝ գերիշխող դիրք միաժամանակ կարող են մի շարք ընկերություններ գրավել։
«Մասնավորապես ընկերություն, որն ունի շուկայում որոշակի մասնաբաժին կամ երկու ընկերությունն էլ միասին շուկայում 60 տոկոս և ավելին մասնաբաժին, երեք ընկերություն, որոնք զբաղեցնում են շուկայի որոշակի հատվածը։ Այսինքն՝ այս դեպքում կոնկրետ բենզինի մասով մենք ունենք երեք խոշոր խաղացող, որոնք իրավական տեսանկյունից նույն հարթության վրա են։ Այսինքն՝ չի կարելի ասել, որ «Ֆլեշ»-ն էր անցած տարի գերիշխող, այս տարի դարձել է «ՍիՓիԷս»-ը»,- շարունակեց ՏՄՊՊՀ պաշտոնյան։
Նա պարզաբանեց, որ կարող է՝ մի տարի «Ֆլեշ»-ն է խոշոր խմբաքանակ բերի, ավելի մեծ ներմուծման և իրացման ծավալներ ունենա, հետո փոխվի այդ տենդենցը։
Շուկայում տեղի ունեցող փոփոխությունների մանրամասների համար Հայկ Սարգսյանը խորհուրդ տվեց նայել հաշվետվությունները և ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին ««Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները» զեկույցը, որը հրապարակվել է 2020 թվականի հունվարի 29-ին։
Ուսումնասիրության արդյունքների «3․2 Բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ծավալները» բաժնում տեսնում ենք․
ԲԵՆԶԻՆԻ ներմուծում
2017 թվականի ընթացքում 4 տնտեսավոր սուբյեկտի կողմից ներմուծվել է շուրջ 141 հազար 868 տոննա բենզին, որի մեծ մասնաբաժինը՝ մոտ 97 տոկոսը, կազմել է «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն» և «Ֆլեշ» ընկերություններինը։
2018-ին 6 տնտեսավարող սուբյեկտի կողմից ներմուծվել է շուրջ 159 հազար 966 տոննա բենզին, որի մեծ մասնաբաժինը՝ 92 տոկոսը, ներմուծվել է «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունների կողմից։
2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 4 տնտեսվարող սուբյեկտ իրականացրել է 146 հազար 655 տոննա բենզինի ներմուծում․ 100 տոկոսով՝ «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «ՍիՓիԷս օիլ», «Ֆլեշ», «Մաքս Պետրոլ» ընկերությունները։
ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ներմուծում
2017 թվականին ներմուծվել է 142 հազար 557 տոննա․ առավել խոշոր ներմուծողներ են «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ», «Էյ բի էքսպորտ», ընկերությունները՝ շուրջ 97 տոկոս ներմուծմամբ։
2018-ին ներմուծել է 6 տնտեսվարող սուբյեկտ․ 153 հազար 236 տոննա դիզվառելիքի ներմուծման շուրջ 97 տոկոսն իրականացվել է «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ», «Մաքս Պետրոլ» ընկերությունների կողմից։
2019-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում է իրականացրել 16 տնտեսվարող սուբյեկտ․ 118 հազար 650 տոննա դիզվառելիքի ներմուծման շուրջ 92 տոկոսն իրականացրել են՝ «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «ՍիՓիԷս օիլ», «Ֆլեշ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները։
Ուսումնասիրության 3.3 կետում (Բենզինի և դիզելային վառելիքի իրացման ծավալները) նշված են բենզինի և դիզելային վառելիքի իրացման ծավալները։
ԲԵՆԶԻՆԻ իրացում
2018 թվականի ընթացքում իրացվել է շուրջ 230 միլիոն 379 հազար լիտր բենզին․ իրացումն իրականացրել է 6 տնտեսվարող սուբյեկտ։ Խոշոր իրացնողներն են «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները՝ շուրջ 93 տոկոս մասնաբաժնով։
2019-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրացրել է 4 տնտեսվարող սուբյեկտ՝ շուրջ 102 միլիոն 738 հազար լիտր բենզին։ Առավել խոշոր ծավալներն իրացրել են «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «ՍիՓիԷս օիլ», «Ֆլեշ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները՝ շուրջ 99 տոկոս (մնացած 1 տոկոսի մասին խոսք չկա)։
ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ իրացում
2018-ի ընթացքում իրացվել է շուրջ 207 միլիոն 469 հազար լիտր 6 տնտեսվարող սուբյեկտի կողմից։ Առավել խոշոր իրացնողներն են «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «Ֆլեշ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները՝ շուրջ 97 տոկոս։
2019-ի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 7 տնտեսվարող սուբյեկտ է իրացրել՝ շուրջ 74 միլիոն 326 հազար լիտր։ Առավել խոշոր իրացնողներն են եղել «ՍիՓիԷս օիլ քորփորեյշն», «ՍիՓիԷս օիլ», «Ֆլեշ» և «Մաքս Պետրոլ» ընկերությունները՝ շուրջ 93 տոկոս։
ՏՄՊՊՀ Գերիշխող դիրքի և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժնի պետ Հայկ Սարգսյանը նաև նշեց, որ հանձնաժողովի լիազորությունները տարածվում են միայն ՀՀ սահմաններում և ՀՀ-ում գործող տնտեսվարող սուբյեկտների վրա։
Մինչ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական վայրիվերումները ՏՄՊՊՀ-ի ունեցած տվյալների համաձայն՝ սակագների որոշակի փոփոխություն, այսինքն՝ ենթակառուցվածքների մասով, տեղի չի ունեցել, իսկ գնի փոփոխությունը հիմնականում պայմանավորված է լինում (թե՛ նախկինում, և թե՛ հիմա) համաշխարհային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով։
«Անկախ ձեռքբերման ժամանակահատվածից (կորոնավիրուսից առաջ-հետո, թե երբ կլինի) եթե ձեռքբերման գինը նվազում է, ապա ավտոմատ նվազում է նաև վառելիքի իրացման գինը Հայաստանում։ Սա սովորական գործընթաց է։ Ինչ վերաբերում է ներմուծման պրոցեսներին, ըստ էության, տեսակարար կշիռների փոփոխությունը նորմալ շուկայական հարաբերություններին համապատասխան է։ Սա մրցակցության տարրերից մեկն է։ Սա վկայում է նրա մասին, որ (նաև փոփոխությունները, որ հիմա ավելի ակտիվ են, քան նախկինում) համեմատաբար ավելի թեժ մրցակցություն է սկսվել շուկայում»,- ընդգծեց նա։
Իսկ հարցին, կարող է արդյո՞ք որևէ բան ասել «Տերնմինալ 1» համալիրի գործունեության մասին, պատասխանեց, որ ՀՀ սահմաններից դուրս, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում, որն ինչպես է բերում և այլն, ՏՄՊՊՀ-ի գործառույթների հետ կապված չէ։
«Մեր հիմնական գործառույթներից մեկն այս շուկաներում ընդամենն այն է, որ մենք փորձենք այնպես ճշտել-հասկանալ՝ փոփոխությունները համափա՞չ են, թե՞ չէ։ Այսինքն՝ գների նվազումը, գների բարձրացումը, գների պահպանումը, արդյո՞ք համաչափ է լինում իրենց ձեռքբերման գների հետ, իրենց ներմուծման գների հետ, համաշխարհային գների փոփոխության հետ»,- եզրափակեց նա։
Ավելի վաղ նավթամթերքի տեղափոխման հետ կապված մենք նաև հարցմամբ դիմել էինք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանին։ Նա պատասխանել էր․ «Սևծովյան նավահանգիստներից նավթամթերքը ընդունում և տեղափոխում է մինչև «Սադախլո» «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը, ինչից հետո «ՀԿԵ» ընկերությունը տեղափոխում է բեռը ըստ փաստաթղթերում նշված հասցեի: Նավթամթերքի տեղափոխման սակագները Վրաստանի և Հայաստանի երկաթուղիներում միևնույնն են անկախ դրանց ծավալից, հասցեատիրոջից և ուղարկող ընկերությունից»:
Հիշեցնենք, որ «Վրաստանի տարածքով նավթամթերքը Հայաստան տեղափոխելու նոր մենաշնորհային ծրագի՞ր. ի՞նչ է փոխվել Փաշինյանի այցից հետո» հոդվածում նաև գրել էինք, որ հայկական կողմը փորձում էր ձեռք բերել Բաթումի նավահանգիստը, որը վարձույթի իրավունքով 49 տարի պատկանում է Ղազախստանի պետական սեփականություն «ՂազՄունայԳազ» ԲԸ-ին, սակայն օբյեկտի գնման շուրջ բանակցությունները արդյունք չէին տվել։
Ըստ մեր աղբյուրի՝ Հայաստանին, այնուամենայնիվ, հաջողվել էր բեռները տեղափոխել «Տերմինալ 1» համալիրի միջոցով, որը Բաթումիի գլխավոր նավահանգստի մոտակայքում է և ունի ենթակառուցվածքներ՝ նավթային բեռների վերամշակման համար, ինչպես նաեւ նավթալցնող մատույց՝ դեպի Սև ծով ելքով։