Վրաստանի տարածքով նավթամթերքը Հայաստան տեղափոխելու նոր մենաշնորհային ծրագի՞ր. ի՞նչ է փոխվել Փաշինյանի այցից հետո
Աջակցիր «Ա1+»-ինԴեպի ծով ելք չունեցող Հայաստանը Սև ծովի ափին վերջապես ապահովվել է տարածք՝ Վրաստանի տարածքով նավթամթերք և բեռներ տեղափոխելու համար: Վստահեցնում է մեր աղբյուրը։
Չնայած, ինչպես գրում էր մամուլը, հայկական կողմը փորձում էր ձեռք բերել Բաթումի նավահանգիստը, որը վարձույթի իրավունքով 49 տարի պատկանում է Ղազախստանի պետական սեփականություն «ՂազՄունայԳազ» ԲԸ-ին: Բայց այս օբյեկտի գնման շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել։
Ըստ մեր աղբյուրի՝ Հայաստանի Հանրապետությանը, այնուամենայնիվ, հաջողվել է բեռները տեղափոխել «Տերմինալ 1» համալիրի միջոցով, որը Բաթումիի գլխավոր նավահանգստի մոտակայքում է և ունի ենթակառուցվածքներ՝ նավթային բեռների վերամշակման համար, ինչպես նաեւ նավթալցնող մատույց՝ դեպի Սև ծով ելքով։
Խորհրդային Միության ժամանակներից սկսած այս համալիրը պատկանել է Աջարիայի Ձկնային նավատորմի ղեկավարությանը․ այն նախատեսված էր փոքր ձկնորսանավերի ընդունման համար (սեփական ենթակառուցվածքային պահեստներով և սառնարաններով)։
Վրաստանի անկախացումից հետո այս օբյեկտը կիսաքանդ վիճակում էր, և միայն 2007 թվականին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության կողմից փոխանցվեց երկարաժամկետ վարձակալության Հայաստանի քաղաքացի Արամ Գալստյանին պատկանող ընկերությանը, որը հայտնի էր որպես Հայաստանի ղեկավար շրջանակների մերձավոր մարդ։
Տվյալ օբյեկտի ձեռքբերման նպատակը Սև ծով մուտքով ռազմավարական օբյեկտին տիրապետելն էր` նավթամթերքի և այլ բեռների մատակարարումները դեպի Հայաստան անխափան կազմակերպելու համար:
Սակայն, մինչ վերջերս, Վրաստանում տիրող քաղաքական իրադրության պատճառով այս նախագծին բախտ չէր վիճակվում իրականանալ: Վրաստանում նոր իշխանությունները սկսեցին բիզնեսը պետական ճնշումներից ազատելու քաղաքականություն: Միաժամանակ փոփոխություններ կատարվեցին այս օբյեկտի տնօրինման կառուցվածքում։ Այսպիսով «Տերմինալ 1» համալիրում, ենթավարձակալության հիմունքներով, մտավ նոր ընկերություն, որի հետևում կանգնած է գործարար Ակակի Չխենկելին:
Նա բարձր պաշտոններ էր զբաղեցնում Վրաստանի կառավարությունում՝ նախկին վարչապետ և այժմ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի օրոք: Ըստ աղբյուրի՝ Չխենկելին դեռ ընդգրկված է Վրաստանի իշխող վերնախավի որոշ օղակներում և յուրահատուկ միջնորդ է՝ խնդիրները լուծելու, կառավարության և բիզնեսի միջև տարբեր նախապատվություններ ձեռք բերելու հարցում:
Ակակի Չխենկելիի միջամտությունից և զգալի միջոցների ներդրումից հետո «Տերմինալ 1» համալիրը ձեռք է բերում երկրորդ շունչ:
Այս կերպ է արդիականացվել նավամատույցի ենթակառուցվածքը և աշխատանքներ են տարվել ծովային հատակը խորացնելու ուղղությամբ՝ խոշոր բեռներ ընդունելու համար, ընդհանուր առմամբ՝ մինչև 6000 տոննա:
Նաև տեղակայվել է ամբարային կայան (գազերի և նավթամթերքի համար նախատեսված բաքերի ագարակ- հեղ․)՝ ընդհանուր մինչև 8000 խորանարդ /մետր տարողությամբ, և պայմանագիր է ստորագրվել «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի հետ` երկարաժամկետ վարձակալությամբ երկաթուղային 5 վագոնով աշխատելու վերաբերյալ, որն, ի վերջո, հնարավորություն է տվել կարգավորել ապրանքների առաքումը Հայաստան:
Երկրորդ ուղղության բացմանը նպաստեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցը․ նա վրացական կողմին խնդրեց դիվերսիֆիկացնել Հայաստան մատակարարումները:
Ինչպես հայտնի է, մինչև վերջերս վառելիքի մատակարարումը Հայաստան իրականացնում էր միայն «Black Sea Trans» կազմակերպությունը, որը «Petrocas Energy»-ի դուստր ձեռնարկությունն է։ «Petrocas Energy»-ն սեփական տերմինալն ունի Փոթիի նավահանգստում և այս ընկերության հետևում կանգնած են վրացական կառավարող շրջանակներին մտերիմ գործարարներ Ուչա Մամացաշվիլին, Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարթխալաձեն, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին, ռուսաստանցի գործարար Դավիթ Յակոբաշվիլին, Իվանե Նակաիձեն, Ալեքսանդր Ձափարիձեն:
Ազդեցություն ունենալով «Վրացական երկաթուղի» ԲԸ-ի կառավարման վրա՝ նրանք իրենց ընկերության համար հասան արտոնյալ «ծավալային» սակագների՝ հայկական ուղղությամբ ապրանքների տեղափոխման համար:
Սակայն Հայաստանում վերջնական ստացողների համար սակագները մնացին պայմանավորվածից ավելի բարձր: Փոխադրման բազային սակագնի տարբերությունը երբեմն հասնում էր 75 ԱՄՆ դոլարի: Իսկ վրացական երկաթուղու իրական պաշտոնական սակագինը 33 ԱՄՆ դոլար է: Հենց այս պատճառով էլ ՀՀ վարչապետի Վրաստան այցի հարցերից մեկը բեռների մատակարարումների դիվերսիֆիկացիան էր:
Սակայն իրականում ոչինչ չի փոխվել սակագնային քաղաքականության իմաստով: Պարզապես «Տերմինալ 1» համալիրի միջոցով ապրանքների մատակարարման ևս մեկ օղակ ավելացավ՝ նոր մասնակիցներով, որոնք նույնպես մոտ են Վրաստանի ներկայիս ղեկավարությանը: Այսպիսով, այս տարվա սկզբից ի վեր «Տերմինալ 1»-ը «CPS» նավթային կորպորացիայի համար 10 տանկերների տեղափոխում է իրականացրել՝ հիմնականում Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ:
«Տերմինալ 1» համալիրի աղբյուրի հաղորդմամբ՝ Վոլգա-Դոնի բեռնափոխադրման կանալի ( ВДСК ) բացվելուց հետո գործարար Չխենկելիին պատկանող «EXIM OIL» ընկերությունը նախատեսում է կազմակերպել նավթամթերքների մատակարարումը Հայաստան Թուրքմենստանի Հանրապետությունից․ դրանք գնվելու են «Astra Energy» SA-ից (Թուրքմենստանում արտոնյալ պայմաններով գործող «Արեթի Թրեյդինգ» ընկերությանը փոխկապակցված ընկերություն)։
Ինչպես հայտնի է, «Արեթի Թրեյդինգ» ընկերությունը զբաղվում է նավթային առևտրով և պատկանում է ռուս գործարար Իգոր Մակարովին, որը վերջին շրջանում ջերմ հարաբերություններ է հաստատել Թուրքմենստանի Հանրապետության ղեկավարության հետ սրանից բխող հետեւանքներով:
Իսկ «Astra Energy» SA-ում աշխատում են «Արեթի Թրեյդինգ» ընկերությունից եկածները, և այս ընկերությունը հայտնի չէր, քանի դեռ չէր կազմակերպում Վրաստանով նավթամթերքների մատակարարումը դեպի Ուկրաինա: Ըստ երևույթին՝ «Արեթի Թրեյդինգ» ընկերության համար, հայտնի պատճառներով, այս ուղղությունը չի կարող առաջնային լինել: Դա հենց դրանով է է օգնում «Աստրա Էներջի»-ին գործարար Ա․Չխենկելին՝ Վրաստանի ուժային կառույցների վրա օգտագործելով իր ազդեցությունը, մասնավորապես՝ «Վրացական երկաթուղիներ» ԲԸ-ի ղեկավարության վրա:
Վերջերս «EXIM OIL» և «Astra Energy» SA ընկերությունների միջև ձևավորվել է փոխշահավետ գործարար կապ: Այսպիսով «EXIM OIL»-ը կազմակերպում է Թուրքմենստանից նավթամթերքների մուլտիմոդալ (բազմաեղանակ) փոխադրում «Astra Energy» SA- ի համար Ադրբեջանի «Դուբենդի» նավթային տերմինալով մինչև Բաթումիի նավթային տերմինալ: Այս փուլում աշխատանքներ են տարվում ամբարային կայանը և պահեստային սարքավորումները զգալիորեն ընդլայնելու ուղղությամբ՝ ինչպես նավթամթերքները, այնպես էլ «չոր» բեռները ընդունելու համար:
«Տերմինալ 1» համալիրի սեփականատերերը հայտարարում են՝ համալիրի զարգացման և մրցունակության բաձրացման համար համապատասխան աշխատանքների անցկացման մտադրության մասին՝ հասցնելով այն Բաթումիում, Փոթիում և Կուլեվիիում գործող նավահանգիստների և տերմինալների մակարդակին, որոնք մինչև վերջերս սահմանում էին ուռճացված սակագներ հայկական ուղղությամբ բեռների վերամշակման համար, և երբեմն պարզապես հրաժարվում էին բեռներ ընդունելուց:
Իրականում մենք տեսնում ենք այս պատկերը, երբ հիմնական խնդիրը լուծված չէ․ նավթամթերքների տեղափոխման մենաշնորհը մնում է, փոխադրման սակագինը նույնն է, փոխվել է միայն կարտելը:
Եթե նախկինում այդ կարտելում Վրաստանից «Petrocas Energy»-ն էր, իսկ Հայաստանից «Flesh» ընկերությունն էր, ապա հիմա Վրաստանից «Տերմինալ 1»-ն է, իսկ Հայաստանից ՝ «CPS Oil Corporation»-ը: