Եռաբլուրը, Հաղթանակի զբոսայգին փակ են լինելու․ ի՞նչ միջոցառումներ են սպասվում վաղը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի 75-րդ ամյակին փակ է լինելու թե՛ Եռաբլուրը, թե Հաղթանակի զբոսայգին։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին հայտնեց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Բացառապես արարողակարգային միջոցառումներ են լինելու, մասնավորապես՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ը տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը Հաղթանակի զբոսայգի՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ, ծաղկեպսակներ կդրվեն, որից հետո վետերանները կայցելեն Մայր Հայաստան հուշակոթողի մոտ»,- նշեց փոխնախարարը։
Ըստ նրա՝ անակնկալ է սպասվում, թե ի՞նչ անակնկալ, Գաբրիել Բալայանը չմանրամասնեց՝ ընդգծելով, որ որոշակի պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն կստացվի մատուցելը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը հավելեց, որ համերգ տեղի կունենա։ Ելույթ կունենան Պաշտպանության նախարարության նվագախումբը, Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, Երգի պետական թատրոնը և այլ կատարողներ։ Ոստիկանությունն այս օրերին կապահովի հասարակական կարգն ու անվտանգությունը։
Այսօր ժամը 07։00-ից Եռաբլուրում ոստիկանության ուժերը իրականացնում են ծառայություն, որպեսզի քաղաքացիների կուտակումներ չլինեն։ Ծառայությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը, ժամը 23։59-ը։ Այսօր 20։00-ից ոստիկանության ստորաբաժանումները կանցնեն ծառայության Հաղթանակի զբոսայգում։
«Խնդիրը կլինի հետևյալը՝ անմար կրակի և նրա հարակից տարածքների շրջափակումը, որպեսզի այնտեղ մուտք գործեն սահմանված կագով պատվիրակությունները, իսկ այլ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը այնտեղ կարգելվի մինչև մայիսի 9-ը, ժամը 23։59-ը։ Ծառայություն ենք իրականացնելու նաև Կոմիտասի պանթեոնում, վաղը, ժամը 08։00-ից, մուտքերն ու ելքերը փակ են լիենլու»,- հավելեց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։