Տնտեսական աջակցության 3-րդ միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվեց
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց հակաճգնաժամային 3-րդ միջոցառման մեջ նախատեսված փոփոխությունները: Միջոցառումը նախատեսված է այն տնտեսվարողների համար, ովքեր առավել շատ են տուժել կորոնավիրուսի տարածման հետևանքով: Աջակցություն կստանան այն շահառուները, ովքեր ունեն բարվոք վարային պատմություն:
«Այս կազմակերպությունները ստանում են իրենց 2019-ի իրացման շրջանառության նկատմամբ 10 տոկոսի չափով վարկ․ 6 ամիս վարկի մայր գումարի մարում չի նախատեսվում։ 2 տարիների ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքով, 3-րդ տարվա ընթացքում՝ 12 տոկոս տոկոսադրույքով»,- նշեց Խաչատրյանը։
Նախարարն ասաց՝ առաջարկում են շահառուների ցուցակն ընդլայնել.
«Այսօր մենք առաջարկում ենք այս շահառու ոլորտների թիվը լրացնել 4-ով, որոնք են՝ նախադպրոցական կրթությունը՝ մասնավոր մանկապարտեզները, սպորտի բնագավառում գործունեությունը՝ սրանք սպորտային ակումբներն են և լողավազանները, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեությունը՝ էքստրեմալ տուրիզմ, բիլիարդ, թենիս և նման տիպի խաղեր, և շենքերի շինարարությունը, քաղաքացիական շինարարությունը և մասնագիտացված շինարարական գործունեությունը։ Էստեղ մենք ունենք 600-ը գերազանցող կազմակերպություններ, որոնք անցյալ շաբաթների ընթացքում բազմից դիմել են, էական դժվարություններ ունեն»,- ներկայացրեց նախարարը։
Տիգրան Խաչատրյանը հայտնեց նաև, որ ծրագրի շրջանակներում 167 կազմակերպություն 1․6 միլիարդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկեր ունի։
Կառավարության կողմից որոշումն ընդունվեց: