Ի՞նչ է նշանակում՝ դու ով ես․ Արարատ Միրզոյանը նկատողություն արեց Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկել է ԱԺ նիստը։ Մինչ օրակարգի հարցերը քննարկելը խորհրդարանը քվեարկության դրեց նախորդ օրը քննարկված նախագծերը։
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 111 կողմ ձայնով ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու և Նազելի Բաղդասարյանն առաջարկում են վկայի և տուժողի հարցաքննություններն անցկացնել տեսաձայնագրառմամբ, բացառությամբ երկու դեպքի։
Հարցաքննությունը կտեսաձայնագրառվի, եթե քննչական գործողության մասնակիցները և քննիչը չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում` հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 97 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել այն անձին կամ անձանց խմբին, որոնք բռնություն գործադրելու հրապարակային կոչեր են արել, բռնությունը հրապարակայնորեն արդարացրել են կամ քարոզել։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ՝ 34 կողմ, 79 դեմ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
ԼՀԿ-ն առաջարկում է, որ համապատասխան անձինք կարող են անարգել տեսակցել ձերբակալվածներին պահելու վայրում և կալանավորվածներին պահելու վայրում պահվող անձանց: Քվեարկությունից հետո վարման կարգով ելույթ ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը։
Նա դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը և ելույթը դեռ չավարտած՝ ԼՀԿ-ականները տեղից արձագանքեցին՝ «դու ով ես»։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդհատեց ու ընդգծեց՝ ինչքան էլ նյարդերը լարված լինեն, ի՞նչ է նշանակում՝ «դու ով ես»։ Տեղից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ էդ է նշանակում։ «Ո՞նց կարող է էդ նշանակի»,- վրդովված ասաց ԱԺ խոսնակն ու ԱԺ-Կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի հետ անհարգալից խոսելու համար նախազգուշացում տվեց պարոն Մարուքյանին։
Էդմոն Մարուքյանն էլ հակադարձեց, երբ երեկ Սուրեն Գրիգորյանն իրեն մանիպուլյատոր էր ասում, նրան նախազգուշացում չտրվեց։
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ՝ 122 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է հնարավորություն տալ ծնողին միանվագ ստանալ երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ որպես ընտանեկան դրամագլուխ վճարվող մասը (երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում՝ 1 մլն դրամից 500 հազ. դրամը, իսկ հինգերորդ եւ հաջորդ երեխայի դեպքում՝ 1,5 մլն դրամից 1 մլն դրամը):