Մենք կարող ենք բախվել պարենային անվտանգության բավականին լուրջ խնդրի. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով բիզնեսին, տնտեսությանն ու խոցելի խմբերին աջակցելու համար կառավարության քայլերը բավարար չեն: «Ա1+»-ի հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է, որ այլ երկրներ իրենց ՀՆԱ-ի համեմատ շատ ավելի մեծ`15-20 տոկոսի չափ խրախուսման ծավալներ են իրականացրել: Մինչդեռ Հայաստանի կառավարության քայլերը այս պահին կարելի է գնահատել ընդամենը 3-5 տոկոսի չափով: «Բայց պետք է բազմապատկել, ինչը հույսով եմ առաջիկայում կտեսնենք»,- ասում է նա:
Տնտեսագետը վաղ է համարում գնահատել, թե այս ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունն ինչ վնասներ կկրի կամ ինչ չափի անկում կունենա: Նա ասում է, որ պետք է մտածել այնպիսի ծրագրեր իրականացնելու մասին, որոնց արդյունքում կպահպանվի տնտեսական ակտիվությունը, և շատ խորը անկումներ չլինեն: Համեմատելով 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, որի ժամանակ ՀՀ-ն մոտ 15 տոկոս տնտեսական անկում ունեցավ` Բ.Ասատրյանն ասում է, թե այս անգամ համաշխարհային տնտեսության անկումը կրկնապատիկ մեծ է լինելու:
«Պետք է վերագնահատենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, և պետք է մտածենք, թե մեր սահմանափակ ռեսուրսներն ինչի վրա ծախսեք, որ լուրջ անկում չլինի»,- հավելում է նա:
Տնտեսագետը շատ ավելի լուրջ է համարում գործազրկության խնդիրը, և հատկապես մոտ քառասուն-հիսուն հազար հոգու հասնող այն խավի խնդիրը, որը սեզոնային աշխատանքի էր մեկնում Ռուսաստան, բայց այս տարի չի մեկնելու: Գտնում է, որ նրանց պետք է ներգրավել շինարարության և գյուղատնտեսության մեջ` այդ ոլորտներում նախաձեռնելով լայնածավալ ծրագրեր:
«Շատ հողատարածքներ կան չմշակված, պետք է մշակել: Մենք կարող ենք բախվել բավականին լուրջ խնդրի` պարենային անվտանգության խնդրի»,- ասում է նա:
Բ.Ասատրյանը նաև ավելացնում է, թե կառավարությունը պետք է ոչ միայն անի այնպիսի ծրագրեր, որոնք սոցիալ-տնտեսական անկումը մեղմացնեն կամ թույլ չտան, այլև հետագա զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր իրականացնեն:
«Մենք նեղն ենք ընկել, և այս իրավիճակում պետք է մատչելի եղանակով ելքեր գտնենք: Մենք շատ ավելի ծանր վիճակներ ենք տեսել իննսունականներին, իհարկե, նաև կորուստներ ենք ունեցել: Իսկ հիմա մենք կարող ենք նաև առանց կորուստների դուրս գալ»,- եզրափակում է տնտեսագետը: