Շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, որ ՀՀ անվտանգությունը ապահովեն. Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նիստում այսօր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատության ենթարկեց ներկային իշխանության վարած քաղաքականությունը՝ այն կապելով ինչպես 2021 թվականի իրադարձությունների, այնպես էլ ներկայիս անվտանգային իրավիճակի հետ։
Խաչատրյանը հիշեցրեց իշխանության նախորդ հայտարարությունները՝ նշելով, որ իշխանությանը 2021 թվականին հաջողվեց մոլորեցնել ժողովրդին, ապա հարց հնչեցրեց՝ արդյո՞ք նույնը կրկնվելու է նաև հիմա. «26-ին էլ եք թողնելո՞ւ, որ մոլորեցնի ձեզ»։
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը չի լուծել պատերազմի պատճառ հանդիսացած հիմնախնդիրները՝ ընդգծելով, որ «պատերազմը վերջանում է, երբ պատերազմը ծնած խնդիրն է հանգուցալուծվում», մինչդեռ ներկայիս իրավիճակը, ըստ նրա, «խաղաղություն չէ», այլ՝ «խախուտ հրադադար»։
Անդրադառնալով վարչապետին՝ ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ չի աջակցում Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս «ունակ չէ խաղաղություն հաստատել»։
Խաչատրյանը նաև կասկածի տակ դրեց վարչապետի՝ անկախության վերաբերյալ գնահատականները՝ հավելելով. «Եվ այս հայացքների տեր մարդը մեզ սովորեցնում է՝ ինչ է անկախությունը»։
Նա անդրադարձավ նաև իշխանության այն թեզին, թե ընդդիմության գալու դեպքում պատերազմ կլինի՝ նշելով, որ «ներկայիս իշխանությունը նոր պատերազմի սպառնալիքը որպես հաղթաթուղթ է ներկայացնում»։
Իր ելույթի վերջում Խաչատրյանը հնչեցրեց իր գնահատականներ՝ կապված անվտանգային հնարավոր զարգացումների հետ. «Արդեն հայտարարել են, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, շատ չզարմանաք, որ վաղը ադրբեջանցի ասկյարները գան, որ ՀՀ անվտանգությունը ապահովեն»։