Դուք Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ, Քոչարյանից էլ թույլ եք. Մինասյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը իր ելույթում քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով թե՛ անցած, թե՛ հնարավոր ապագա զարգացումների համար։
Պատգամավորը հայտարարեց, որ գործող իշխանությունը պատասխանատու է երկրի առջև ծառացած ծանր հետևանքների համար՝ ընդգծելով. «Պատերազմ բերողն էլ եք դուք, կորուստներ ու աղետներ բերողն էլ եք դուք և շարունակելու եք բերել, եթե մնաք իշխանության»։
Նա անդրադարձավ նաև կառավարության ծրագրերին ու զեկույցներին՝ պնդելով, որ դրանց միջև բովանդակային անհամապատասխանություն կա։ Ըստ նրա՝ «միայն գույներն են իրար նման՝ թրենդային», մինչդեռ բովանդակությունը շարունակաբար փոփոխվում է։ Մինասյանը պատկերավոր համեմատություններով ներկայացրեց այդ փոփոխությունները՝ նշելով, որ գրքույկներում սկզբում ստեղծվում է «Սասունցի Դավթի կերպարի մեջ մտած ուժի» տպավորություն, ապա այն վերափոխվում է «խիստ կրոնավոր, հոգևոր առաջնորդության», հաջորդիվ՝ «ընկճված, պարտված» վիճակի, իսկ վերջում՝ կրկին վերադառնում է «զենք-զրահ հագած» կերպարին, քանի որ առջևում ընտրություններ են։
Ընդդիմադիր պատգամավորը նաև անդրադարձավ ներքաղաքական մթնոլորտին՝ պնդելով, որ հասարակության մեջ աճել են հիասթափությունն ու փոխադարձ ատելությունը. նրա խոսքով՝ «ատելություն ընտանիքի անդամների միջև, հասարակության տարբեր խավերի միջև» սերմանվել է «միայն մի նպատակով՝ մնալ իշխանական աթոռներին»։
Մինասյանը ելույթի վերջում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի սոցիալական էջերում տեղադրվող հոլովակներին՝ քննադատելով նրա վերաբերմունքը ընդդիմադիր ուժերի նկատմամբ՝ նշելով. «Դուք Սամվել Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ, Քոչարյանից էլ թույլ եք»։