Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ կարծում, որ դեմոկրատները չուզենան, որ ԹՐԻՓՓ-ը կառուցվի․ Արարատ Միրզոյանի ճեպազրույցը (տեսանյութ)

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև իրականացվող ծրագրերը բխում են երկու երկրների շահերից, ուստի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի պատկերացնում, որ ԱՄՆ դեմոկրատները դեմ լինեն ԹՐԻՓՓ-ի արագ կառուցմանը։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ ներքաղաքական զարգացումների՝ ծրագրի իրականացման ժամկետների վրա հնարավոր ազդեցության մասին հարցին։

«Ես վստահ եմ, որ հիմա ինչ արվում է մեր և Միացյալ Նահանգների միջև, մեր համար, պարզ է, շահավետ է, Միացյալ Նահանգների համար էլ է շահավետ։ Հետևաբար ես չեմ պատկերացնում, որ դեմոկրատները չուզենան, որ արագ ԹՐԻՓ կառուցվի»,– նշեց Միրզոյանը։

Նախարարը հիշեցրեց՝ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց առաջ ընդդիմությունը քննադատում էր Հայաստանի իշխանություններին՝ հեռացող վարչակազմի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու համար։ Նրա խոսքով՝ մտավախություններ էին հնչում, թե վարչակազմի փոփոխությունից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են կորցնել նշանակությունը։

«Ինչպես տեսանք՝ նոր վարչակազմը վերցրեց այդ օրակարգը և ավելի խորացրեց»,– ասաց Միրզոյանը։

Նա այդ համատեքստում թվարկեց տրանսպորտի, լոգիստիկայի և արհեստական բանականության ոլորտներում ստորագրված համագործակցության հուշագրերը, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ի շուրջ համաձայնագիրը։

Միրզոյանի գնահատմամբ՝ քաղաքական թիմերն ու անհատները կարող են փոփոխություններ մտցնել գործնական քաղաքականության մեջ, սակայն նման ծրագրերի հիմքում երկրների շահերն են։

«Պարզ է՝ անհատները, քաղաքական թիմերը իրենց սրբագրումներն են մտցնում այդ վարվող գործնական քաղաքականության մեջ»,– նշեց նախարարը՝ ընդգծելով հայ-ամերիկյան համագործակցության փոխշահավետությունը։

ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ժամկետ նա այս պատասխանում չնշեց։

 Մանրամասները՝  տեսանյութում