Բացել լրահոսը Փակել լրահոսը
4674977fa2f5973be2d8023653da91cb_XL
A A
Տնտեսություն Պաշտոնական

Համաշխարհային բանկը հնարավոր է համարում, որ Հայաստանում տնտեսական անկում կլինի

Համաշխարհային բանկը այս տարի Հայաստանի համար կանխատեսել է մինչև 1.7 տոկոս ՀՆԱ-ի աճ` հաշվի առնելով արտահանման և ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցությունը: ՀԲ զեկույցի համաձայն 2020թ. կանխատեսման վրա մեծապես ազդել է «COVID-19» համավարակը և ապրանքների գների անսպասելի անկումը:

ՀԲ-ն ակնկալում է, որ տեմպի դանդաղման ազդեցությունը կմեղմվի բյուջետային ընդլայնման շնորհիվ, որը կապահովվի ընթացիկ (մասնավորապես, առողջապահական և սոցիալական), ինչպես նաև բիզնեսին աջակցության և պետական ներդրումների ծավալի ավելացման միջոցով: Աշխատատար ոլորտների վրա բացասաբար ազդող՝ աճի տեմպի դանդաղման պայմաններում աղքատության կրճատման մակարդակը լավագույն դեպքում կլինի չափավոր: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի, համաճարակի երկարաձգման դեպքում տեղի կունենա ՀՆԱ-ի դինամիկայի դադար կամ նույնիսկ տնտեսական կրճատում: Սրա հավանականությունն աճում է՝ հաշվի առնելով ողջ աշխարհում առողջապահական, տնտեսական և ֆինանսական ցուցանիշների վատթարացումը: Այս սցենարով աղքատությունը կաճի: Ակնկալվում է, որ գնաճային ճնշումները կմնան ցածր՝ արտացոլելով ապրանքների ցածր համաշխարհային գները և նվազող պահանջարկը:

ՀՀ-ին վերաբերող զեկույցի համաձայն արտաքին պակասուրդը կմնա բարձր՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանի տնտեսության թուլացման և ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին պահանջարկը կկրճատվի, իսկ մասնավոր տրանսֆերտները կտրուկ կնվազեն: Սա կարող է ճնշում գործադրել փոխարժեքի վրա: «2020թ. մարտի առաջին կեսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ կորցրեց իր արժեքի ավելի քան 2 տոկոսը: ԿԲ պահուստները և ԱՄՀ-ի հետ նախապատշպանական բնույթի պայմանավորվածությունը ապահովում են որոշակի բուֆեր, բայց հնարավոր է, որ դրամի արժեզրկման ավելի ուժեղ ճնշումների դեպքում անհրաժեշտ լինի ճշգրտել քաղաքականությունները: Բյուջեն կապահովի որոշ ֆիսկալ խթան. կանխատեսվող բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 4.7 տոկոսին, ներառյալ «COVID-19» համավարակին արձագանքման ուղղված ՀՆԱ-ի 2.2 տոկոսի չափով ֆիսկալ խթանի փաթեթը»,- նշված է զեկույցում:

ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսին հասնող կառավարության պարտքի պայմաններում հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կիրառել ֆիսկալ կանոնի բացառման մասին դրույթը: Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կվերականգնվի՝ 2021- 2022թթ. կազմելով շուրջ 4.5 տոկոս, որին կաջակցեն կայունացող արտաքին պայմանները և հետաձգված աշխատանքների կատարումը: Հաշվի առնելով աճի պատմական առաձգականությունը՝ ակնկալվում է, որ աղքատության մակարդակը կվերառանա իր նվազող դինամիկային: Ռիսկեր և մարտահրավերներ Հայաստանի համար անմիջական մարտահրավերը «COVID-19» համավարակն է: Երկրի վրա կազդի և´ ապրանքների, և´ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի ժամանակավոր փլուզումը: Հատկապես խոցելի է զբոսաշրջությունը՝ մի ոլորտ, որը վերջին տարիներին հաստատուն զարգացել է:

 

«Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներից՝ պղնձի, գների անկումը կշարունակի բացասաբար ազդել արտաքին մնացորդի վրա: Մասնավոր տրանսֆերտները (որոնք 2018թ. կազմել են ՀՆԱ-ի շուրջ 12 տոկոսը և եկել են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից) ծառայում են որպես բացասական ազդեցության լրացուցիչ խողովակ: «COVID-19»-ի տարածման սահմանափակմանն ուղղված ջանքերը («ֆիզիկական հեռավորության պահպանումը» և այլ կանխարգելիչ միջոցառումները, ներառյալ արտակարգ իրադրության սահմանումը) է´լ ավելի կկրճատեն պահանջարկը: Տնտեսության դոլարացման մակարդակի և արտահանման մեջ դիվերսիֆիկացիայի բացակայության պայմաններում է´լ ավելի դժվար կլինի կառավարել ցնցումը: Ինչևէ, համեմատաբար առողջ բանկային հատվածը, ԱՄՀ-ի հետ ձեռք բերված նախապաշտպանական բնույթի պայմանավորվածությունը, ինչպես նաև որոշ բյուջետային բուֆերները մասամբ մեղմում են ռիսկերը: «COVID-19» համավարակից զատ, արտահանման վրա հիմնված կայուն աճի ուղով ընթանալու համար Հայաստանին անհրաժեշտ է առաջ տանել բարեփոխումները՝ ուղղված մրցակցության բարելավմանը և դիմակայունության բարձրացմանը»,- ասվում է ՀԲ զեկույցում: