Բացել լրահոսը Փակել լրահոսը
4986EC5E-1AD0-4155-8030-69341F078C94_w1200_r1
A A
Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Մարդկանց պետք է նախապատրաստել, որ առաջիկայում ձգեն գոտիները. Պավել Սաֆարյան

Ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանի հետ «Ա1+»-ը զրուցել է ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տնտեսական խնդիրների եւ հնարավոր անելիքների մասին։

- Պարոն Սաֆարյան, բիզնեսը, աշխատանքն այսպես համատարած կանգնեցնելն ի՞նչ հետևանք կունենա մեր երկրի տնտեսության վրա:

- Նախ պետք է հնարավոր տնտեսական խնդիրներին պատրաստվել: Ցավոք սրտի, մենք ծանր վիճակ ունեցել ենք 2009թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Իհարկե, հիմա դժվար է բացասական հետևանքների չափի կամ խորության մասին կանխատեսում անելը, բայց պետք է նախապատրաստվել, պետք է նաև պատրաստել մեր հանրությանը: Միաժամանակ պետք է մտածել աստիճանաբար որոշ սահմանափակումները թուլացնելու մասին, որոնք կորոնավիրուսի տարածման վրա մեծ ազդեցություն չեն ունենա: Մարդիկ արդեն պետք է հասկանան, որ առաջիկայում պետք է ձգեն գոտիները, և այնպես չէ, որ կյանքը կամ սոցիալական-տնտեսական վիճակը նույն կերպ է լինելու, որ այս փոփոխությունները մարդկանց նյութական վիճակի վրա չեն ազդելու: Հաստատ ազդելու են: Բայց նախապատրաստման տպավորություն շատ չի զգացվում, առայժմ տեղեկատվություն չկա, թե ինչ միջոցառումներ են նախատեսվում: Նաև պետք է ծախսերը կրճատվեն, ինչ-որ միջոցառումներ վերանայվեն:

- Կառավարությունն այս ճգնաժամը թեթևացնելու համար մարդկանց ու բիզնեսին աջակցելու  համար գործարկել է 9 ծրագիր, որոնց համար բավականին մեծ գումարներ է հատկացրել: Ձեր կարծիքով, դրանք որքա՞ն արդյունավետ կարող են լինել:

- Այդ ծրագրերի մի մասն, այսպես ասած, օպերատիվ բնույթ ունեն` կրակը հանգցնելու նպատակ ունեն: Մյուս ծրագրերը, որոնք հավակնում են մեղմելու հետագա տնտեսական անկումները, դեռևս քննարկման անհրաժեշտություն ունեն: Ես հիմա պատրաստ չեմ դրանք ամբողջ խորությամբ դիտարկելու, բայց որոշակի դրական ազդեցություն կունենա: Փոքր ու միջին բիզնեսին օգնելու և վարկավորելու ծրագրերը հավակնում են ոչ թե օպերատիվ խնդիրները լուծելու, այլև` հեռանկարային, դրանց ազդեցությունը  ամիսներ հետո կզգացվի:

- Ձեր կարծիքով կառավարությունը սեկվեստոր` բյուջեի ծախսերի կրճատում պե՞տք է անի:

- Կարծում եմ, եթե ոչ կրճատում, ապա գոնե որոշ ծախսեր պետք է սառեցվեն: Ես հիշում եմ, 2009թ. մենք 92 մլրդ դրամի ծախսեր չկատարեցինք, բայց դա շատ մեծ ազդեցություն չունեցավ մեր գործողությունների վրա: Կառավարությունն արդեն այս պահից այդ վարժությունը պետք է անի:

- Այդ դեպքում հատկապես ո՞ր ծախսերը պետք է կրճատվեն կամ սառեցվեն, որ հետագա տնտեսական ճգնաժամը ավելի չխորացնեն:

- Ես ավելի շուտ կարող եմ ասել, թե որ ծախսերը չպետք է կրճատվեն` առողջապահական բնույթի ծախսերը, պետք է աշխատեն պահպանել մարդկանց աշխատավարձերը, դոտացիաները պահպանեն: Բնականաբար պետք է պահպանել պաշտպանությանն ուղղված ծախսերը: Իսկ այն ծախսերը, որոնք գնումների գործընթաց են անցնում, կարելի է սառեցնել, պետք է սառեցնել նաև այն ծախսերը, որոնք չունեն կապիտալ արտադրողական բնույթ: Ինչ վերաբերում է հարցին, թե այս փուլում պարգևատրումները պե՞տք է տալ, թե՞ ոչ, ապա  նման քննարկում ընդհանրապես չպետք է առաջանա`առայժմ  թույլ չտալով, որ անգամ մեկ լումա դրա համար հատկացվի: Ես դա դիտարկում եմ ոչ թե որպես բարոյական կամ տնտեսական կարևորության խնդիր, այլև զուտ ֆինանսական:

- Ձեր կարծիքով որքա՞ն կկրճատվի հարկերի հավաքագրումը կամ կնվազի տնտեսության աճը:

- Այսօր նման կանխատեսում անելը անշնորհակալ գործ է, պարզապես որևէ մեկի մոտ թող կասկած չառաջացնի այն հեռանկարը, որ հարկերը կրճատվելու են: Եվ կառավարության հետագա գործողությունները պետք է հենց դրա վրա կառուցվեն: Իհարկե, Պետեկամուտների կոմիտեն ամեն ինչ կանի, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նույնը մնա, բայց խնդիրներ կլինեն: Իսկ ինչ վերաբերում է կանխատեսմանը, ապա հիմա որևէ մեկը չի կարող նվազման որևէ չափ նշել, քանի որ վիճակը դեռ շարունակվում է: