Բացել լրահոսը Փակել լրահոսը
20507673_1529029693830405_8834478359289518999_o
A A
Հասարակություն

«Անընդհատ աճում է թիվը»․ ի՞նչ է պատմում գյումրեցի աղջիկը Բելգիայից

Մեր հայրենակից Լիդա Բադոյանն այս օրերին ապրում է Բելգիայի Բրյուսել քաղաքում: Գյումրեցի աղջիկը Բելգիա էր մեկնեել մագիստրատուրայում ուսանելու, զուգահեռ նաև աշխատելու նպատակով:

«Ա1+»-ի հետ զրույցում Լիդան պատմում է՝ դասերն այս պահին անցկացնում են առցանց  ռեժիմով, որոշում կա այդպես շարունակել մինչև սեպտեմբեր:

Աշխատանքի բնույթից կախված այն ևս տնից են կազմակերպում: Լիդան Բրյուսելում անգլերեն է դասավանդում, աշակերտների հետ կապ հաստատում է տեսազանգով :

«Իրավիճակը բավականին լուրջ է, անընդհատ աճում է թիվը։ Կարանտին է հայտարարված, բայց դրսում մարզվելը, քայլելը տան մոտակայքում, խանութ, դեղատուն գնալը թույլատրվում է»։ 

Լիդան ասում է՝ մարդիկ հետևողական չեն, խախտում են կարանտինի ռեժիմը, գնում են մի քաղաքից մյուսը՝ հարազատներին այցելելու, սոցիալական հեռավորությունը լավ չեն պահում:

Նաև պատմում է, որ Բելգիայի Կառավարությունը բավականին լուրջ քայլեր է ձեռնարկում քաղաքացիներին ֆինանսապես օգնելու համար, եթե համապատասխան պայմանագիր ունեն։

Մեր հարցին, թե այս ընթացքում վերադառնալու ցանկություն չունե՞ր, Լիդան արձագանքում է, որ պլաններ ուներ հունիսին վերադառնալու, բայց եթե իրավիճակը չհանդարտվի, գուցե չեղարկի.

«Օդանավակայանը ամենավտանգավոր տեղերից է հիմա, ու միանշանակ վտանգի կենթարկեի շատերին։ Իհարկե, շատերի համար մնալը հնարավոր չէր, ու ուղղակի ստիպված էին վերադառնալ»։ 

Պատմեց, որ ունի ընկերներ, ովքեր վերադարձել  են Հայաստան ու մնացել խիստ կարանտինի մեջ մինչև գաղտնի շրջանի ավարտը:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Բելգիայում կորոնավիրուսով վարակված է 16.770 մարդ, արձանագրվել է մահվան 1143, առողջացման՝  2872 դեպք: