Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Խրամատից սկսվել է հայրենիքի համար իմ կյանքի ամենամեծ պայքարը և չի ավարտվել»

Ապրիլյան պատերազմից 4 տարի անց «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը հիշում է այդ օրերն ու ասում՝ պատերազմից հետո իր կյանքում մեծացել է պատասխանատվությունը երկրի հանդեպ։

«Ա1+»-ի հետ զրույցում ասում է՝ խրամատից սկսվել է հայրենիքի համար իր կյանքի ամենամեծ պայքարը և խրամատից դուրս գալուց հետո այն չի ավարտվել։

Մանուկյանն ասում է՝  պայքարի արդյունքում է հասկացել, որ հետագայում ավելի մեծ պատասխանատվությամբ  պետք է պայքարի, քանի դեռ այսօր շատ երիտասարդներ իրենց կյանքը տալիս են հայրենիքի համար: 

«4 տարի առաջ ապրիլի 1-ին  բարձրացել էինք մարտական դիրքեր և մոտավոր այս ժամերին արդեն իրավիճակի մասին տեղակ էինք: Մեր զորամասի կողքին Ջաբրաիլն էր, որտեղ իրավիճակը ավելի թեժ էր, և մեզ ամեն վայրկյան զեկուցում էին, որ մեր մոտ ևս կարող է ճեղքումներ լինեն: Ես այդ ժամանակ դիրքի ավագ էի, բոլորս պատրաստ ամեն վայրկյան սպասում էինք․ մինչև ապրիլի ավարտը ծանր օրեր էին: Մեր զգացողությունները դժվար է ներկայացնել, քանի որ ուրիշ է, երբ խոսում ես հրամանատարների և զինվորների հետ և հասկանում ես քո առջև դրված մեծ պատասխանատվությունը: Այդ օրերին  նաև ոգևորում են թիկունքում գտնվող հայրենակիցների արձագանքները, գրառումները, և այդ ամենը մեծ ազդեցություն է թողնում քեզ վրա: Մեզ համար ցավալին այն է, որ բոլորը անմահ տղերք էին, մեզանից մեկն էին, բայց զոհվեցին հանուն հայրենիքի, և մենք հիմա ոչինչ չենք կարող անել իրենց արածի համեմատ , բայց մեր հոգու առաջ մաքուր լինելու համար պետքէ բացի խոսքերից՝ գործերով ապացուցենք»,- ասում է Մանուել Մանուկյանը:

ԵՊՀ-ում սովորող Ապրիլյան պատերազմի մասնակիցներին Կառավարության որոշմամբ  տրամադրվել են անվճար բնակության հանրակացարաններ, իսկ ՄՈԳ-ի սահմանված չափանիշին համապատասխանելու դեպքում գործում է նաև ուսման վճարի 50 տոկոս զեղչ:

 «Զեղչերի հետ կապված խնդիրներ է առաջանում, որովհետև ՄՈԳ-ը պետք է կարծեմ 11 լինի, որ զեղչ տրվի: Բայց, չէ որ, ըստ էության, զեղչը  չի տրվում լավ սովորելու համար, այլ իր կատարած աշխատանքի համար: Ճիշտ կլինի, որ զեղչը գործի անկախ ՄՈԳ-ի ցուցանիշից: Նախկինում անօրեն բաներ էր արվել, զինգրքույկների մեջ ոչ բոլորին էին նշել, որ պատերազմի մասնակից է: Օրինակ՝ մի մասի գրքույկում գրված է՝ մարտական գործողություն, իսկ մյուսներինը գրված չէ, իսկ դա ճիշտ չէ: Օրինակ, մեկը կրակել է, մասնակի՞ց է, իսկ նա ով առաջին գծում չի եղել, բայց  կյանքը վտանգելով հաց է բերել, մասնակից չէ՞: Կամ Ջաբրաիլում մի դիրքում ուղղաթիռ է ընկել, երկու դիրքից էլ կրակել են, մի դիրքինը նշել են, մյուսինը չեն նշել։ Այս հարցերը մենք բարձրաձայնում ենք միայն նրա համար, որ արդարություն լինի, և ոչ մեկ անտեսված չլինի», ասում է Մանուել Մանուկյանը։

Նա նշում է, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցներով փորձում են շփումները պահպանել:  Իր հիմնած «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ում ընդգրկված են զինակից ընկերներ,որոնց հետ համատեղ  տարբեր միջոցառումներ է իրականացրել: Վերջին շրջանում աջակցություն են տրամադրում անապահով ընտանիքներին: 

«Ապրիլյան քառօրյայի օրերին մենք տեսանք հայ ժողովրդի մեծ միասնականությունը, և կոչ եմ անում, որ մեր ժողովուրդը չսպասի, որ «ապրիլներ» լինեն, որ միասնական գործի: Այս կորոնավիրուսի վարակի օրերին ցանկանում եմ, որ միասնական լինենք և հաղթահարենք միասին»,- եզրափակեց նա: