Բացել լրահոսը Փակել լրահոսը
updmx4cC
A A
Հասարակություն

Ինչպե՞ս ամեն օր տաքսուց օգտվել, երբ աշխատավարձդ թույլ չի տալիս

Հանրային տրանսպորտից օգտվողները, ովքեր չունեն անձնական ավտոմեքենա, այսօրվանից աշխատանքի գնալու համար ստիպված են օգտվել միայն տաքսիներից։

Ինչպես տեղեկացրել էինք, պարետի 2020թ․-ի մարտի 31-ի որոշման համաձայն՝ ապրիլի 1-ից սկսած դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը։

Պարետի որոշումը մի կողմից անհրաժեշտ է համարվում՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մյուս կողմից էլ դժվարությունների առաջ է կանգնեցրել այն աշխատողներին, որոնց աշխատավարձը թույլ չի տալիս ամեն օր տաքսիներից օգտվել։

«Ա1+»-ի հետ զրույցում Երևանի խոշոր սուպերմարկտներից մեկի աշխատակից Ծովինարը պատմեց, թե այնպես չէ, որ միայն այսօրվանից է հարկադրված տաքսի ծառայությունից օգտվել։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ուղևորների քանակը կտրուկ պակասեց, որի հետևանքով երթուղայինները սկսեցին քիչ աշխատել։

Ծովինարը դեռ այն ժամանակվանից մի քանի անգամ աշխատանքի է գնացել տաքսիով։ Ծովինարն ամսական ստանում է մոտ 100 000 դրամ, այսօրվանից ամեն օր աշխատանքի գնալու համար 100 դրամի փոխարեն 600 դրամ է ծախսելու։ Աշխատանքը 2 հերթափոխով է, եթե աշխատանքն ավարտում է ժամը 16։00-ին, ապա տուն գնալու համար ևս 600 դրամ է ծախսելու։ Իսկ եթե կեսգիշերին, ապա տաքսի ծառայությունից օգտվելիս վճարի փոքր մասը կատարում է գործատուն, մնացածը՝ ինքը։

Ընդ որում՝ սահմանափակումների հետևանքով այժմ յուրաքանչյուրի համար մեկ տաքսի է պատվիրվում, արդյունքում գումարը մեծացել է։ Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ տաքսի ծառայություններից օգտվող աշխատակիցների վճարները գումարվում է իրար։

Ստացված գումարի 25 000 դրամը վճարում է գործատուն, մնացյալը բաշխվում է այդ աշխատակիցների միջև։ Ծովինարն այս ընթացքում առանց հանգստի է աշխատում։ Կարծում է, որ ստացած աշխատավարձը քչություն կանի, ու ստիպված կլինի հարազատներց գումար վերցնել։ Իհարկե, նշում է նաև, որ այս ընթացքում այլ կենցաղային ծախսեր չի կատարել, բայց ապառիկ վարկեր ունի։ Հետաքրքրվեցինք, թե կդիմի՞ իր ղեկավարին, որպեսզի փոխհատուցում լինի, Ծովինարը նախ ժպտաց, ապա ասաց՝ կդիմեր, բայց իմանալով ղեկավարի մոտեցումը այդ հարցի շուրջ, չի դիմի։

«Ի՞նչ դիմեմ, ինչի՞ ինքը չի հասկանում, որ ծանր դրության մեջ ենք հայտնվել»,- նկատեց նա։

Աննան էլ (անունը փոխված է- հեղ․) աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Մոտ մեկ շաբաթ է՝ աշխատանքի է գնում տաքսիով։

Յուրաքանչյուր ուղղության համար 1000 դրամ է վճարում։ Նրա աշխատավարձն էլ մոտ 110 000 դրամ է։ Աննան նույնպես մտահոգ է, բայց նկատում է, իսկ այլ տարբերակ կա՞։

«Ա1+»-ը դիմեց Կառավարություն, հասկանալու՝ արդեն տվյալներ կա՞ն, թե Հայաստանում այս պահի դրությամբ քանի մարդ է աշխատում, և իրավիճակով պայմանավորված՝ քանիսը աշխատանքի չեն գնում։ Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ վաղ է նման տվյալներ ունենալը։