Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dieta (1)
A A
Սպորտ

Իտալացի բժիշկների խորհուրդները մարզիկներին՝ տանը ճիշտ սնվելու համար

Իտալական «Տուտոսպորտ» թերթն անդրադարձել է տնային և կարանտինային պայմաններում հայտնված մարզիկների սննդակարգին: Այդ նպատակով լրատվամիջոցը դիմել է Vite al limite բշժկական կենտրոնին, որը հիմնականում զբաղվում է առողջ և դիետիկ սննդակարգով: Ահա թե ինչ խորհուրդներ են տվել իտալացի դիետոլոգները մարզիկներին: 

 «Տնային, սահմանափակ շարժունակության պայմաններում երկար մնալիս, լավ կլինի օրական սնվել հինգ անգամ, բայց՝ քիչ չափաբաժիններով. նախաճաշ, առավոտյան թեթևակի ընդմիջում, ճաշ, ցերեկային թեյախմություն, ընթրիք: Հարկավոր է պակասեցնել այն ըմպելիքներն ու ուտեստները, որոնք հարուստ են շաքարով: Չպետք է չարաշահել նաև աղն ու յուղ պարունակող մթերքները: Ավելի շատ օգտագործեք բանջարեղեն և մրգեր, քանի որ A և C վիտամինները մեծացնում են օրգանիզմի դիմադրողականությունն ու շնչառական ուղիների պաշտպանությունը: Ձեզ հարկավոր է նաև D վիտամին, որը շատ կա կենդանիների թոքերում, ձկնատեսակներում, ձվի դեղնուցում:

Պետք է շատ ջուր օգտագործել, որպեսզի ջրազրկում չունենաք: Ստամոքսի աշխատանքը կարգավորելու համար կարելի է ուտել յոգուրտ կամ նման տիպի թեթեև սնունդ: Խուսափել ալկոհոլային խմիչքներից:

Ազատ ժամանակի մի մասը կարող եք օգտագործել առողջ և դիետիկ ուտեստների պատրաստման համար. չշտապել և հանգիստ ընդունել սնունդը: Հետագայում, երբ կրկին կանցնեք սպորտային ռեժիմի, օգտագործեք ավելի մեծ կալորիականություն ունեցող սննդամթերք, որպեսզի արագ հավաքեք ձեր մարզավիճակը», - գրում է աղբյուրը:

Հավելենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով մարտի սկզբից Իտալիայում արգելված են բոլոր տեսակի սպորտային մրցաշարերն ու մրցումները: Դրանց թվում են նաև ֆուտբոլի Ա սերիան, Հռոմի թենիսի խոշոր մրցաշարը, Ֆորմուլա 1-ի իտալական փուլը և այլն: