Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մատենադարանի աշխատողը Google-ի տեղը չպե՞տք է իմանա (տեսանյութ)

Մատենադարանում ձևավորվել է մի կայուն բուրգ, որտեղ սովորական աշխատողը պիտի մի անկյունում ծվարի, գոյատևի՝ պարզ չի մինչեւ երբ։  Այս բառերով է  իրավիճակը նկարագրում  Մատենադարանի արհմիության անդամ  Գայանե Այվազյանը։    

Մեկ տարի առաջ ստեղծված արհմիության անդամը պնդում է՝  այս ընթացքում պարզ է դարձել, որ գործատուն եւ նրա շրջապատը արհմիության վերաբերյալ իրենց պատկերացումներն ունեն, եւ աշխատանքային իրավունքները խախտվում են։

Արհմիության մեկ այլ անդամ  Ալլա Խառատյանն էլ պնդում է, որ ղեկավար կազմին դուր չի եկել իրենց՝ աշխատանքային գույք՝ մասնավորապես համակարգիչներ ունենալու պահանջը։

«Մեզ ասում են՝ խելոք աշխատողները գլուխները կախ հին գրքերով աշխատում են,  ոչ էլ Google-ի տեղը գիտեն։ Այսինքն՝ մենք մեր խնդիրների հետ մենակ ենք մնում՝ առանց աջակցության»,-ասաց Ալլա Խառատյանը։

Լրագրողների հետ հանդիպմանը արհմիության ներկայացուցիչները  հայտարարեցին, որ ինչպես 2017, այնպես էլ 2018 թվականի տարեսկզբի՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրությունները եղել են ոչ մասնակցային և ոչ թափանցիկ․  իրենք արդյունքների մասին իմացել են միայն հաստատումից հետո։ Սրա մասին նրանք տեղեկացրել են հոգաբարձուների խորհրդի ներկայիս նախագահ Լևոն Աբրահամյանին։

«Մինչ այս հարցը կքննարկվեր,  մենք պարզեցինք նաև, որ խորհրդի նախկին նախագահ Լևոն Սարգսյանի և Մատենադարանի ներկայիս տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ընտրության գործողությունները իրավաչափ չեն եղել։ Այն փաստաթղթերը, որոնք հաստատում են արդյունքները, ստորագրված չեն եղել նիստին մասնակցած բոլոր անդամների կողմից, ուստի մեծ հաշվով դրանք ընդամենը նախագծեր են միայն»,- ասաց արհմիության անդամ Գայանե Այվազյանը։

Որպես ևս մեկ իրավախախտում աշխատակիցները նշում են Մատենադարանի կանոնադրության փոփոխությունը, որի համար պահանջվող 13 ստորագրություններից եղել է միայն տասը, բայց պետական ռեգիստր ներկայացվել է 13 անդամների ստորագրությունը փաստող քաղվածք։

«Ունենալով այս բոլոր փաստերը՝ մենք դիմեցինք գլխավոր դատախազություն, որը փորձում է կոծկել գործը՝ այն կարճելով հանցակազմի բացակայության պատճառով։ Բայց այն, որ ստորագրությունները բացակայում են․ չի հերքվել։ Կասկածելի ներկայաթերթիկներ են բերվել, որ իբր մարդիկ ներկա են եղել նիստերին, սակայն ստորագրությունները բացակայում են»,- հայտարարեց Գայանե Այվազյանը։  Նա պնդում է՝  բողոքարկելու են այս որոշումը։