Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Երաշխիքներ, թող ցույց տան, սահմանադրական փոփոխություններ անելու համար ուզելը քիչ է» (տեսանյութ)

Հայաստանում մարդկանց 30%-ը աղքատ է, իսկ իրենք պարգևավճարներ են տալիս։  «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը պաշտոնյաների պարգևավճարների շուրջ մարդկանց վրդովմունքը բացատրում է այն հանգամանքով, որ կա անհավասար վերաբերմունք։

«Մտավորական մեկը, որ մի ամբողջ կառույց է ղեկավարում, ստանում է 200 հզր դրամ, և դա համարվում է շատ, իսկ մյուսը, որ ստանում է 660 հզր և ավելի, ստանում է նաև պարգևավճար։ Այսինքն՝ արդարություն չկա, եթե նպատակ կա մարդկանց վարձատրությունը բարձրացնելու, դա պիտի սկսվի ամենախոցելի խմբի մարդկանցից»,- ասում է Արա Պապյանը։

Պապյանը, պատասխանելով հարցին, թե կա՞ որևէ ոլորտ, որտեղ առաջընթաց նկատվում է, չկարողացավ մտաբերել․ «Ես էդպիսի ոլորտ չգիտեմ, երևի միակ դրական փոփոխությունը 2018 թ-ի ապրիլ-մայիս և ևս մի երկու ամիս մարդկանց պահպանվող ոգևորությունն էր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Վերջինս կարծում է, որ այս պահին ունենք մի կուսակցության փոխարինումը մյուսով, և եթե համեմատենք նախկինի հետ, ապա առաջընթաց կա, իսկ եթե չափորոշիչ ընդունենք տված խոստումները, այս առումով տեղաշարժ չկա։

«Շատ ընդդիմադիր պաշտոնյաների՝ այդ թվում՝ Փաշինյանի կողմից ժամանակին հարց էր բարձրացվում, էդ ո՞նց է լինում, որ գազը մի գնով մտնում է, կրկնակի թանկ վաճառվում։ Դա հետևանք է լուրջ կոռուպցիոն սխեմաների, որոնք եթե չվերանան, մանրերի դեմ պայքարելն անիմաստ է։ Իսկ մենք ինչ ենք տեսնում՝ միայն մի քանի մանր-մունր պաշտոնյաների ձերբակալություններ, այն էլ չեն էլ նստեցնում, գործերը կարճում, գրավի դիմաց ազատ են արձակում, փոխանակ  զբաղվեն, օրինակ, Հարավկովկասյան երկաթուղու, Գազպրոմի, բաշխիչ ցանցերի և այլ գործերով»,- հայտարարեց Պապյանը։

Ասուլիսի մյուս բանախոս՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին։

«Նիկոլ Փաշինյանը իրավունք ունի ասելու, որ, այո, ես ավելի առաջադեմ եմ, ավելի ժողովրդավար եմ դատական համակարգի նկատմամբ քան իմ նախորդները, բայց չէ՞ որ միայն իր անձով դա պայմանավորված չէ, իսկ եթե հետո ուրիշները գան, մենք ի՞նչ երաշխիք ունենք, որ կրկին ճնշումները և կոռուպցիոն մեխանիզմները չեն վերսկսի, կամ ՍԴ ներկայիս անդամներին չեն գա փոխարինելու նոր «հրայր թովմասյաններ»։ Եթե կան այդպիսի երաշխիքներ, թող ցույց տան, ոչ թե ասեն՝ այդպես ենք ուզում՝ ուզելը քիչ է»,- ասաց նա։

Ռուբեն Բաբայանի խոսքով՝ մարդիկ հեղափոխությունից տարբեր ակնկալիքներ ունեին․ ինքն անձամբ սպասում էր, որ տեղի կունենան քաղաքակրթական փոփոխություններ։

«Ինձ անձերի փոփոխությունը շատ քիչ է հետաքրքրում, հետաքրքրում է համակարգինը։ Անձամբ ես համոզված եմ, որ Հայաստանը շարունակում է մնալ սովետական երկիր, և ժողովուրդն էլ ղեկավարին ընկալում է որպես կենտկոմի առաջին քարտուղար։ Մենք երբևէ չենք փոխի մեր համակարգը, մինչև գնահատական չտանք նախկին համակարգին, որտեղ ապրել ենք երկար տարիներ»,- ասաց նա։