Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի ներկայացել աշխատանքային քննարկմանը․ Իմքայլականները դժգոհ են (տեսանյութ)

Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում է տեղի ունենում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի «Նորք»ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու վերաբերյալ։

Քննարկման սկզբում հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ու հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանն Առողջապահության նախարարության ներկայացուցչից հետաքրքրվեցին, թե քննարկմանը ինչո՞ւ չի եկել նախարար Արսեն Թորոսյանը։

«Ճիշտ կլիներ, որ նախարարը ներկա լիներ, վստահ եմ, որ սա այն հարցն է, որ նախարարն անձամբ պետք է լիներ և հիմնավորումներ ներկայացներ և պատասխաներ որոշ հարցերի, որոնք ծագել են»,- ընդգծեց Նարեկ Զեյնալյանը։

Դիտողությանը ի պատասխան՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Լուսինե Քոչարյանը պարզաբանեց, որ Առողջապահության նախարարն ու փոխնախարարները 2 օր է՝ 24 ժամյա ռեժիմով են աշխատում և այս պահին էլ աշխատում են կորոնովիրուսի կանխարգելման միջգերատեսչական խմբում։

«Այդ է պատճառը, որ չկարողացան գալ, իսկ մեր ժամանակն էլ շատ սուղ է, մենք կարող ենք մաքսիմում 2 ժամ բացակայել նախարարությունից»,- նկատեց տիկին Քոչարյանը։

Այնուհետև հանձնաժողովում Առողջապահության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց, թե ինչո՞ւ է որոշվել, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը պետք է միավորվի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական կենտրոնին։ Լուսինե Քոչարյանը նախ նկատեց, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ստացիոնար բուժում չի իրականացնում, այսպես թե այնպես ստացիոնար բուժումը իրականացվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական կենտրոնում։

Տիկին Քոչարյանն այնուհետեւ հիշեցրեց, որ նախկինում տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակը միացավ ստացիոնարին, և ըստ նրա՝ ծառայությունները բարելավվեցին։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը երբևէ այս փորձը հաշվի չի առել և միշտ ընդդիմացել է որևէ ինտեգրման գործընթացի, սակայն հասունացել է այն պահը, որ մենք փորձում ենք կառավարումը դարձնել կենտրոնացված, իսկ ծառայությունները՝ ապակենտրոնացված։ ՄԻԱՎ վարակակիր հիվանդները միայն կշահեն այս միավորումից, որովհետև այսպես թե այնպես իրենք բուժում ստանում են տարբեր ստացիոնարներում, և այս խարանն ու խտրականությունը վերացնելու համար այս կղզիացված ծառայությունները պետք է ապակենտրոնացվեն»,- ընդգծեց Լուսինե Քոչարյանը։

Ըստ նրա՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական կենտրոնի վերանորոգման և վերազինման համար մոտ 100 մլն դրամի նախագծային հաշվարկներ են իրականացվել և դրանից հետո այդ հիվանադանոցը բարձր մակարդակով սպասարկել է բոլոր վարակիչ հիվանդներին, այդ թվում՝ ՄԻԱՎ վարակակիրներին։

«ՄԻԱՎ վարակակիրներն ընդամենը վարակիչ հիվանդներ են, եկեք նրանց չառանձնացնեք, մենք որևէ վարակիչ հիվանդությունների համար չունենք առանձնացված ծառայություններ։ Բոլոր միջազգային դոնորները, այդ թվում՝ ԱՀԿ-ն ողջունել են այս որոշումը»,- ասաց նա և հավելեց․ «Մի ղեկավար, երկու ղեկավար լինելով ծառայությունները չեն տուժվում, հակառակը՝ ռեսուրսները խնայվում են։ Այս կենտրոնը նաև ունի շատ լավ լաբորատոր հզորություններ, որոնք այս պահին ծառայում են միայն ՄԻԱՎ վարակակիրներին , ինչո՞ւ դրանից չօգտվեն օրինակ՝ հեպատիտ C վիրուս ունեցող անձինք, կամ չօգտվեն այլ վարակիչ հիվանդություն ունեցողները»։

Լուսինե Քոչարյանը ընդգծեց, կենտրոնների միավորումից որևէ բան չի տուժելու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքը մնալու է նույն տեղում, ընդամենը կառավարումն է միավորվելու, լինելու է մեկ տնօրեն և մի քանի փոխտնօրեններ։