Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Ինչպե՞ս է անցել Van Music Awards-ի մրցանակաբաշխությունը․ո՞վ էր այս տարի բացակայում

Գրեթե երկու տասնամյակ շարունակ երաժշտական մրցանակաբաշխություն կազմակերպող «Ռադիո Վան»-ը այս տարի որոշ փոփոխություններ է կատարել Van Music Awards-ում։ Երեկ՝ փետրվարի 28-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությանը, ռադիոկայանի հաղորդավար Ժակն ասաց, որ «Ռադիո Վան»-ը կառուցել է երաժշտական ստուդիա, այդպիսով ձեռք մեկնել այն կատարողներին, որոնք ձգտում եմ կենդանի հնչողությամբ ելույթ ունենալ։

«Պոպուլյար երաժշտությունը ստեղծվում է միայն որոշակի միջոցառումներին լսելի լինելու, տրամադրություն փոխանցելու համար։ Ձևավորվել է խմբերի կուլտուրա, որոնք ելույթ են ունենում բենդերով, փորձում են քավր ստեղծագործություններ ներկայացնել իրենց ձեռագրով, երբեմն նույնիսկ համարձակվում են սեփական ստեղծագործությունները ներկայացնել, ու դա շատ ողջունելի է։ Մրցանակաբաշխությունն իր ողջ բովանդակությամբ այլընտրանքային է, թեև խմբերը անդրգրաունդային չեն, այսինքն դրանք արդեն իսկ ճանաչված են և պահանջարկ ունեն, բայց դրանց խիստ պոպուլյար դժվար է համարել»,- ասաց Ժակը։

«Ռադիո Վան»-ի ղեկավար Շուշանիկ Արևշատյանն էլ հավելեց․

«Մենք հրավիրում ենք երիտասարդ, չճանաչված, բայց շատ տաղանդավոր բենդերի, որոնք հնարավորություն չունեն տեսահոլովակներ նկարելու, որոնք հնարավորություն չունեն հեռուստատեսությամբ ելույթ ունենալու, որովհետև այդ ամենը մեծ ֆինանսների հետ է կապված, բայց իրենց տաղանդը շատ է։ Իրենք հիմնականում ակումբներում են երգում, որ գումար վաստակեն երգեր ձայնագրելու համար»։

2019թ․-ի մրցանակաբաշխությունն, ըստ Ժակի՝ առանձնանում է ֆոլք և էթնո երաժշտության գերակայությամբ, որը ձուլված է տարբեր երաժշտական ուղղությունների հետ։ Ժակի ներկայացմամբ՝ դժվար ճանապարհ են անցել խմբերի հետ, ստեղծել են արտադրանք ու այդ տարածել։

«Դժվար է, որովհետև ընդգրկվում են շատ աշխատակիցներ, թեկուզ մեկ ստեղծագործություն ձայնագրելու համար, այս առումով էր ռադիոկայանին բարդ իրականացնել այդ գործը,- նկատեց նա ու հավելեց․

«Նրանք էլ են մեծ քայլ արել, որովհետև այս ամեն ինչի մեջ վարձատրություն չի եղել։ Այսինքն՝ գտել են ժամանակ, եկել են ստուդիա, բերել են իրենց ծանր գործիքները, ժամեր շարունակ մենք այս ամեն ինչը իրականացրել ենք, որպեսզի ստանանք մեր գաղափարը։ Ձայնագրված, պոպուլյար ստեղծագործություններին այլտնրանք կա, այն կենդանի հնչողությամբ երաժշտությունն է, որը ներկայացնում են նոր տաղանդավոր երաժիշտներ»։

 Van Music Awards-ը այս տարի ևս մի փոփոխությամբ աչքի ընկավ։ Ժակի երկար տարիների գործընկերուհին՝ Լուսինե Բադալյանը մրցանակաբաշխությանը ներկա չէր։ Նախորդ տարիներին Ժակն ու  արդեն Ազգային ժողովի պատգամավորն իրար հետ էին վարում Վանի երաժշտական մրցանակաբաշխությունը։

«Առաջին տարին է, որ նա չկա, և մենք ձևաչափը փոխեցինք։ Որոշեցինք սթենդ ափներ ունենալ և ներկայանալ շատ հետաքրքիր հումորային դրվագներով»,- ընդգծեց Ժակը։

Van Music Awards-ի կազմակերպիչները սկզբում որոշել էին հանրային քվեարկության միջոցով ընտրել հաղթողներին, սակայն հասկացել են, որ միայն քվեարկության վրա հիմնվելը բարդ կլինի, և «Ռադիո Վան»-ում ստեղծվել է ստեղծագործական ժյուրիի կազմ։

 «Եթե թողնում ես միայն հանրային քվեարկությանը, այստեղ հաղթում է ոչ թե լավագույնը՝ այլ այն թիմը կամ կատարումը, ում «շտաբն» ավելի լավ է աշխատում»,- շեշտեց Ժակը։

Van Music Awards-ի մրցանակակիրները 11-ն են։ 11 անվանակարգերից միայն մեկն է ընտրվել հանրային քվեարկության արդյունքում, մնացյալ 10 ընտրվել են քվեարկության և «Ռադիո Վան»-ի ստեղծագործական կազմի որոշմամբ։

 «Մաքսիմալ հաշվարկել ենք բոլոր դետալները, գոնե մոտ լինելու օբյեկտիվությանը»,- ասաց Ժակը։

 Van Music Awards-ի 11 մրցանակակիրներն են՝

Հայկ Սոլար, Արնի Ռոք և Սոնե Սիլվեր- Համար 1 հանրային ընտրություն (People's Number One Choice)

Իլոնա Սագիեվա – Համար 1 քավր կատարող (Cover Performer Number One)

Սյուզաննա Մելքոնյան- Համար 1 կանացի կատարում (Woman's Performance Number One )

Արաթթա Բենդ- Ֆյուժեն բենդ հ (Fusion band Number One) 

Fair Wind- Համար 1 ռոք խումբ (Rock Band Number One)

Գարիկ Պապոյան, Սոնա Ռուբենյան- Համար 1 հիթ ստեղծողներ (Hit Makers Number One)

Կաթիլ Բենդ- Համար 1  հայտնագործություն (Breakthrough number one)

Վիշապ խումբ, Թմբաթա- Համար 1 երաժշտական պրոդյուսեր (Music Producer Number One)

Նեմրա- Համար 1 ռադիոյի  ընկերներ (Radio Friends Number one)

Sonet Quintet – Համար 1 քաղաքային երգերի կատարողներ  (Urban Song Artists Number One)

Արփի և Հայվեյ բենդ – Համար 1 բենդ (Band Number One)