Բացել լրահոսը Փակել լրահոսը
Norayr Norikyan (1)
A A
Քաղաքականություն

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այլևս չունենանք այնպիսի ՍԴ, որը կընկալվի որպես իշխող ուժի դատարան․ Նորայր Նորիկյան (տեսանյութ)

«Կոնցեպտուալ առումով համաձայն եմ այն դիտարկման հետ, որ անհրաժեշտ է ստեղծել որակապես նոր ոստիկանություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Նորիկյան և ընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Նորայր Նորիկյանը, որը մասնակցում էր «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի» հանրային քննարկում» աշխատաժողովին։

Նորիկյանն ընդգծեց, որ «ներքին գործերի նախարարություն» (ռազմավարությամբ նախատեսված Ներքին գործերի նախարարության ստեղծումը, որի մեջ նաև ներառվելու է նաև ոստիկանությունը) բառակապակցությունը կարող է կապեր առաջացնել խորհրդային ժամանակների հետ։

Փաստաբանի կարծիքով, կարելի է օրինակ` օգտագործել «ներքին անվտանգության նախարարություն», «հանրային անվտանգության նախարարություն» եզրույթները, որովհետև բոլոր դեպքերում ոստիկանության կարևորագույն գործառույթն ինքնին հանրային անվտանգության ապահովումն է։

«Միջազգային պրակտիկայում ընդունված է ասել, որ քննիչը փոքր դատարան է, և մինչդատական վարույթում նախաքննությունը որոշակի պարամետրեր է պահանջում։ Ուստի, այս առումով, ոստիկանությանը վերապահելով նախաքննություն անցկացնելու լիազորություն, կարծում եմ, որոշակի գերատեսչական շահերի բախում  կարող է տեղի ունենալ հենց ոստիկանության ներսում»,- նշեց նա։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրավիճակին՝ իրավաբանն ասաց, որ ՍԴ-ի գործունեությանը պետք է համակողմանի գնահատել և ստեղծման պահից։

«Դժբախտաբար մենք երբևէ չենք ունեցել այնպիսի Սահմանադրական դատարան, որ իր կշռով և իր ազդեցիկությամբ ուղղակի էական դերակատարություն կունենար մեր հանրային կյանքում»,- ընդգծեց Նորայր Նորիկյանը։

Իրավաբանը նշեց, որ կհիասթափվի, եթե ստեղծվի իշխող ուժին ենթարկվող ՍԴ։

«Պետք է ամեն ինչ անել այդպիսի դաժան, դառը ճակատագիրը այդ դատարաններից շեղելու համար, որպեսզի այլևս մենք չունենանք այնպիսի Սահմանադրական դատարան, որը կընկալվի որպես իշխող ուժի դատարան»,- շեշտեց ՓՊ անդամը։

Ըստ նրա՝ այն պահին, երբ որևէ մեկը սկսեց վերահսկել դատարաններին, կձախողվի ամեն ինչ․ «Որևէ մեկը որևէ դատարանի վերահսկելու իրավասություն չպետք է ունենա թե՛ Սահմանադրությամբ, թե՛ բովանդակային առումով, թե՛ ֆորմալ առումով»։

 

Մանրամասները տեսանյութում