Ռուսաստանի բռնցքամարտի չեմպիոնը ձերբակալվել է, նրան հայ է ուղեկցել
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի կրկնակի չեմպիոն, բռնցքամարտիկ Գեորգի Կուշիտաշվիլին, զիվորական դատարանի որոշմամբ երկու ամսով ազատազրկվել է: Նա մեղադրվում է թմրանյութ օգտագործելու և պաշտոնական անձին մարմնական վնասվածք հասցնելու մեջ:
Մոսկվայի ոստիկանության հատուկ ջոկատայինները փետրվարի 2-ին Մոսկվայի շենքերից մեկի մուտքում ձերբակալալել էին Գեորգի Կուշիտաշվիլուն ու նրա հետ եղած ուղեկցին՝ Հովիկ Հովհաննիսյանին: Բռնցքամարտիկի մոտ հայտնաբերել են մեկ գրամի չափ թմրանյութ:
Ըստ ոստիկանական հաղորդագրության, ձերբակալման ժամանակ Գեորգի Կուշիտաշվիլին բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին և ջարդել քիթը: Բռնցքամարտիկը դատարանում հայտարարել է, որ ոստիկանը վնասվածք է ստացել պատահաբար, երբ սայթաքել և ընկել է գետնին: Մարզիկի գործը լսվում է զիվորական դատարանում, քանի որ նա այժմ զինծառայության մեջ է:
Ձերբակալված Հովիկ Հովհաննիսյանը, որը ԲԿՄԱ-ի բռնցքամարտիկների վերապատրաստման հրահանգիչն է, ազատ է արձակվել: Նա այդ գործում ընդգրկվել է որպես վկա:
Հավելենք, որ Գեորգի Կուշիտաշվիլին, որը հանդես է գալիս 81 կգ քաշային կարգում, պատրաստվում էր 2020թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին: Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ումար Կրեմլեևը հայտարարել է, որ մարզիկը հեռացվել է հավաքականից և նա չի մասնակցի այդ մրցումներին: Գեորգի Կուշիտաշվիլուն կփոխարինի Իմամ Խատաևը: