Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կստանա Չինաստանից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀավանականությունը, որ Հայաստանում չկա կորոնավիրուս, 99.9 տոկոս է։ Այս մասին լրագրողներին վստահեցրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Միաժամանակ շեշտեց՝ ամբողջովին չենք կարող հերքել կորոնավիրուսի բացակայությունը Հայաստանում, քանի որ համապատասխան թեստերը բացակայում են։
«Հիվանդությունը նոր է, և ախտորոշիչ թեստը նոր է մշակվում, և չկա այդ թեստը: Այս պահին մենք արդեն պայմանավորվածություն ունենք մի չինական արտադրողի հետ թեստեր ձեռք բերելու համար, և մեր դեսպանատունը մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերի և կուղարկի Հայաստան»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։
Ըստ նրա՝ թեստերը բավականին թանկ են, բայց իրավիճակը այնպիսին է, որ պարտավոր ենք գնել։
«Արտակարգ իրավիճակ է, և պետք է թեստերը գնել, մեկ թեստի արժեքն է 30 դոլար, այս պահին փորձում ենք ձեռք բերել շուրջ 200 թեստ»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։
Նա շեշտեց` թեստերը կիրառվելու են միայն կլինիկական ախտանշանների ի հայտ գալու դեպքում։
Չինաստանի հետ Հայաստանը սահման չունի եւ չկան ուղիղ չվեթներ։ Բայց վիրուսն արդեն արձանագրվել է այն երկրներում, որոնց հետ Հայաստանը ունի ուղիղ օդային հաղորդակցություն։
«Այլ երկրներից մուտքի սահմանափակումների մասին վաղ է խոսել, և մահվան դեպքեր այլ երկրներում չկան, այլ երկրներից վարակի գալու հնարավորություն չկա, որովհետև նրանք նույնպես կասեցնում են մուտք և ելքը Չինաստանի հետ»,- նշում է Արսեն Թորոսյանը։
Երեկ ուշ երեկոյան առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը արտակարգ կոմիտեի հանդիպումից հետո հայտարարեց՝ կորոնավիրուսի հետ կապված միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ։ Բայց Հայաստանում արտակարգ միջոցառումների անհրաժեշտություն չկան, քանի որ, նորից շեշտում է նախարարը, նոր կորոնավիրուսի առումով Հայաստանը չի գտնվում բարձր ռիսկի գոտում։
Ի դեպ, այսօր առավոտյան տեղի ունեցել է վարչապետի որոշմամբ ստեղծված գերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։
«Քննարկվել է Չինաստանից քաղաքացիների մուտքի հարցը, այսինքն մեկ- երկու օրվա ընթացքում որոշում կկայացվի , եւ դա ենթադրում է միջազգային պարտականությունների փոփոխություններ, մեր հայ-չինական հարաբերությունները և ԱԳՆ մանրամասն հայտարարությամբ հանդես կգա»,- նշեց Արսեն Թորոսյանը, որը եւս այս հանձնաժողովի կազմում է։