«Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում»
Աջակցիր «Ա1+»-ինԻրավապահներն առայժմ ամբողջական տեղեկատվություն չեն հաղորդում հեղաշրջման փորձի մասին տարբեր լուրերի եւ հրապարակումների կապակցությամբ։
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սրա վերաբերյալ գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ստուգման։ «Ուրիշ տվյալ չկա այս պահին»,- նշեց նա։
Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական բաժին։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ հեղաշրջման վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ չեն ստացվել։ «Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում, հետևաբար մամուլին չի փոխանցվել նման տեղեկատվություն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։
Հիշեցնենք,որ ունվարի 13-ին «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը։
«Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,- ասել էր Հակոբյանը։
Իսկ հարցազրույցի նախորդ օրը՝ հունվարի 12-ին «Հայկական ժամանակ» թերթի էլեկտրոնային տարբերակում «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերտառությամբ հոդված էր հրապարակվել , որում խոսք էր եղել Վանեցյանի կողմից Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի դեմ քարոզչական արշավ կազմակերպելու և իշխանությունից հեռացնելու մասին։
Նույն օրը հրապարակմանն անդրադառնալով՝ ԱԱԾ նախկին տնօրենը ինսթագրամյան իր էջում գրառում էր կատարել։ «Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անպասելի էր անգամ ինձ համար: Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»,- գրել էր Վանեցյանը։
Հունվարի 23-ին հեղաշրջման փորձի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ դա կանխվել է, և կանխվելուց հետո որևէ վտանգ չկա։
«․․․ Առաջացել են նման խնդիրներ, և նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան և կանխվել են: Եվ դրա օգտագործման տարբեր ձևեր են եղել՝ սկսած ֆեյքնյուզից կամ կեղծ ինֆորմացիայից մինչև տարբեր տեսակի՝ մեր քաղաքական թիմին սևացնելու միջոցով փորձել տարբեր քայլեր ձեռնարկել․ ասել, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, պատերազմի մասով` որ հողեր ենք հանձնում»,- ասել էր ԱԽ քարտուղարը։
Նույն օրն Արթուր Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը հայտարարություն էին տարածել, որով հերքում էին պահանջել «Հայկական ժամանակ»-ից «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ ․․․» հոդվածի համար։ «Նշված հրապարակման մեջ տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ ստահոդ, զրպարտություն հանդիսացող և անհեթեթ տեղեկություններ»,- ասված էր փաստաբանների հայտարարության մեջ։
Երկու օր անց՝ հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ պատասխանել էր հեղաշրջման փորձի վերաբերյալ հարցին։
«Շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը (ընդ որում՝ շնորհակալ եմ հարցի համար)։ Որովհետև, գիտեք, օրինակ՝ հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ և այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում շատ լուրջ փոփոխություններ են կրում։ Ժամանակակից աշխարհում հիբրիդային պատերազմ կա, որի իմաստն այն է, որ ինքն, իրականում, պատերազմն ընթանում է, բայց այդ պատերազմը ոչ մեկ չի նկատում, և իրականում պատերազմն այն պարամետրերով չկա։ Հիմա եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, այսպես, ճշգրիտ ձևակերպենք, կամ փորձենք դա մեկնաբանել, կարող ենք դա մեկնաբանել որպես հիբրիդային ինչ-որ մի երևույթի նկարագրություն։ Եվ եթե այդպես ձևակերպենք՝ կարող ենք նաև դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ․․․ Հիբրիդային նախապատրաստություններ և հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև այդ պրոցեսը լիարժեք և վերջնականորեն պարտված է և ջախջախված»,- ասել էր գործադիր իշխանության ղեկավարը։