Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Հունահռոեմական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը յոթ մեդալ նվաճեց Նիսում կայացած ըմբշամարտի Ֆրանսիայի գրան պրիում:

Անրի Դելանեի անունը կրող այդ մրցուներում հաջող հանդես եկավ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը հաղթահարելով նախնական արգելքները, մտավ եզրափակիչ: Այստեղ մեր օլիմպիական չեմպիոնը կամային հաղթանակ տարավ ադրբեջանցի Օրխան Նուրիևի նկատմամբ՝ 3:1:

Նույն քաշային կարգում մեր ըմբիշ Արթուր Շահինյանը բրոնզե մեդալի համար պայքարում 1:2 հաշվով պարտվեց բելառուսցի Ալեքսանդր Գրաբովիկին, որին կիսաեզրափակիչում հաղթել էր Արթուր Ալեքսանյանը:

Նախնական արգելքները հաղթահարեց և եզրափակիչ մտավ նաև մեր 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, սակայն վճռորոշ մրցամարտում նրանք  պարտվեցին և բավարարվեցին արծաթե մեդալով: 

82 կգ քաշային կարգում Ռուբեն Ղարիբյանն առանց պայքարի բրոնզե մեդալ նվաճեց, քանի որ նրա մրցակիցը չներկայացավ 3-րդ տեղի համար գոտեմարտին: Իսկ ահա պատվո հարթակի 3-րդ հորիզոնականում կանգնելու համար Գևորգ Ղարիբյանին (60 կգ), Սլավիկ Գալստյանին (67 կգ) ու Մալխաս Ամոյանին (72 կգ) հարկ եղավ հաղթել իրենց մրցակիցներին:

 

Հավելենք, որ Ֆրանսիայի գրան պրիին մասնակցեցին 22 երկների մոտ 250 ըմբիշ: