Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0129383
A A
Քաղաքականություն

11 ամսվա ընթացքում գրանցվել է արտահանման 9 տոկոս աճ․ Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ամփոփելով տարին ու անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, նշեց, որ 2019 թվականին ինտենսիվ այգեգործությամբ զբաղվելու համար կառավարության աջակցության ծրագիրը ենթարկվել է էական փոփոխության։

Նախարարը նշեց, որ ինտենսիվ այգետնկման ծախսերի համար վարկի սուբսիդավորումը սահմանվել է մինչև 100 հեկտար տարածքի համար, իսկ դրամական ծախսերի սուբսիդավորման չափը կիրառվում է 10 հեկտարի չափով՝ նախկին 3-5 հեկտարի փոխարեն։ 

«Երկրորդը ջերմոցային տնտեսություններին աջակցության նոր ծրագրի ներդրումն էր տարվա ընթացքում»,- նշեց Խաչատրյանը։ Աջակցության տեսակներից մեկն այն է, որ վերցվող վարկերի տոկոսները կսուբսիդավորվեն, իսկ երկրորդը՝ որոշակի դրամական փոխհատուցումը, եթե ագարակատերը (ֆերմեր) որոշում է, որ ջերմոցը պետք է կառուցի սեփական ներդրումների հաշվին։ 

Նախարարն ասաց, որ երրորդ ուղղությունը խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրի աջակցությունն է․ 3 տարբեր մոդելներ է կառավարությունն առաջարկում որպես արդյունավետ։ 

«Մինչև 450 քառակուսի մետր կառուցելու համար հասանելի է դառնում պետական աջակցությունը։ Եվ երեքից որևէ մեկի վերաբերյալ որոշում կայացնելու պարագայում ֆերմերային տնտեսությանը տրվում է կառավարության ֆինանսական աջակցությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ անձը, որ պետք է մասնակցի ծրագրին և դառնա շահառու, մասնակցում է Գյուղակադեմիայիում կառավարության հետ համատեղ ծրագրով կազմակերպվող դասընթացներին, որից հետո նոր որակվում է որպես տվյալ ծրագրի շահառու։

Նախարարը, անդրադառնալով տոհմային անասնաբուծության աջակցման ծրագրին, նշեց, որ լիզինգային ծրագրի սահմանաչափը դարձել է 450 միլիոն դրամ, հանվել է մեկ անգամ մեկ ֆերմերային տնտեսության՝ ծրագրից օգտվելու սահմանափակումը։ 

Խաչատրյանը նաև անդրադարձավ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրին (անց է կացվում Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում)։ 

Երեք ռիսկերի դեպքում է ապահովագրումը կիրառվում՝ վաղ ցրտահարություն, կարկուտ, հրդեհ․ վերջինը՝ անվճար, եթե նախորդ երկուսից շահառուն օգտվում է, վերաբերում է երկու տեսակի մշակաբույսերին՝ խաղող և ծիրան։ 

«Որքան որ ապահովագրողն է վճարում, նույն չափով և կառավարությունն է վճարում  ապահովագրավճարը։ 50 տոկոս վճարում է ֆերմերը, գյուղացիական տնտեսությունը և 50 տոկոս կառավարությունը։ Եթե երկու ռիսկից  էլ ապահովագրում է ֆերմերային տնտեսությունը, ապա կառավարության աջակցության չափը դառնում է 60 տոկոս»,- ընդգծեց նա։

Խաչատրյանի խոսքերով՝ 11 ամսվա ընթացքում գրանցվել է արտահանման 9 տոկոս աճ․ կոնյակի արտահանումն աճել է 26,7 տոկոսով, ծխախոտ՝ 9 տոկոսով, պղնձի խտանյութ՝ 16,8, անմշակ ոսկի՝ 31, երկաթե միահալվածքներ՝ 18,1 տոկոսներով, շոկոլադի արտահանում՝ 14,6, մրգային գինիներ՝ 75, խաղողի գինիներ 26, ոսկեգործական իրեր՝ 19 տոկոսներով։ Վերոնշյալները, ըստ նրա, մի քանի ապրանքախմբեր էին, որոնք ընդգծված ազդեցություն են թողել արտահանման վրա։ 

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ ներգնա զբոսաշրջությունն աճել է 14,4 տոկոսով, 2019-ի համար գրանցվել է 7,5 տնտեսական ակտիվություն, և 2019 համար նախատեսվում է, որ կլինի առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճ։ 

Տեսանյութը՝ Factor.am-ի