Բացել լրահոսը Փակել լրահոսը
hanrakacara
A A
Հասարակություն

Հանրակացարանային սենյակներ տրամադրող ընկերությունը կփոխվի

Հայաստանում ապաստան ստացած փախստականներին բնակեցնելու նպատակով բնակարաններ կտրամադրող կազմակերպության անունը կփոխվի։ Ըստ Կառավարության նախագծի՝ Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 557.8 քմ մակերեսով բնակարանները, Արարատի մարզ, Դարբնիկ համայնքում գտնվող 2695.9 քմ մակերեսով շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվելու է «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես պետական սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով։ Այն տրամադրվելու է Հայաստանում ապաստան ստացած փախստականներին սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով։

Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն, ուստի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն ակնկալվում։

Նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ նախկինում այդ տարածքներն ամրացված են եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի կողմից էլ փախստականներին սենյակներ են տրամադրվել։ Սակայն 2023 թվականին «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը հանձնվել էր ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ենթակայությանը, իսկ 2026 թվականի փետրվարի 1-ից լուծարվել էր։ Դրանից ելնելով էլ անհրաժեշտություն էր առաջացել այդ գույքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Օթևան» ՊՈԱԿ-ին։