Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-9gEZ2ddl70
A A
Հասարակություն

Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյովիկ) շարունակում է մնալ կալանքի տակ

Գործարար, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) արտահանձման գործընթացը դեռևս շարունակվում է։ Այս մասին «Ա1+»-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

«Շարունակում է մնալ կալանքի տակ, և գործընթացը շարունակվում է»,- նշեց մամուլի խոսնակը։ 

Դիտարկմանը, որ տարածված տեղեկությունների համաձայն՝ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու գործընթաց է սկսվել, և նրան մնում է միայն անձնագիր ստանալ, Խաչատրյանը պատասխանեց, որ այլ տեղեկություններ չունի, պաշտոնապես տեղեկությունն այսքանն է։ 

Խաչատրյանն նշեց նաև, որ Լևոն Սարգսյանի նկատմամբ Ազգային անվտանգության ծառայության 2018 թվականի հոկտեմբերի 8-ին հայտարարած հետախուզումը շարունակվում է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին  ըստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության՝ 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, եղել է Լևոն Սարգսյանը։ Լինելով լարված հարաբերությունների լինելով Արմեն Ավետիսյանի հետ՝ արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հանցագործության կատարումը: Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

2019 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանությանը հայտարարություն էր տարածել, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում ՀՀ ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում Սարգսյանը նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

Իսկ նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով ՌԴ գլխավոր դատախազությանն էր ներկայացրել նախկին պատգամավորի արտահանձնման միջնորդությունը: ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը։

ՀՀԿ նախկին պատգամավորը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեջ: