Բացել լրահոսը Փակել լրահոսը
Levon sargsyan (2)
A A
Քաղաքականություն

Լևոն Սարգսյանի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացից դատախազությունը տեղեկություն չունի

Գլխավոր դատախազությունը հետախուզում էր հայտարարել և դիմել էր Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին ավազակային հարձակում կազմակերպելու մեջ մեղադրվող Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, գործարար Լևոն Սարգսյանին արտահանձնելու համար։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս նոր տեղեկություններ չկան արտահանձնման ընթացքի վերաբերյալ․ «Բնականոն շարունակվում է, դեռևս նոր տեղեկություն չկա»։

Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, թե Լևոն Սարգսյանը ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթաց էր սկսել, ամենայն հավանականությամբ անձնագիր կստանա, մնացել է միայն անձնագիր ստանալը,  և հարցին արդյո՞ք սա խոչընդոտ կլինի արտահանձմանը, գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ չի կարող դրա վերաբերյալ որևէ բան ասել։ «Թե այնտեղ ինչ պրոցես կա, ինչ կա ձեր նշած հանգամանքի հետ կապված, մենք տվյալներ չունենք այս պահին»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ին  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ հաջողվել է պարզել, որ 2008 թվականի հոկտեմբերին ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալների համաձայն, եղել է Լևոն Սարգսյանը, որը, լարված հարաբերությունների մեջ լինելով Արմեն Ավետիսյանի հետ, արդեն իսկ ձևավորված և ավազակային մի շարք հարձակումներ գործած  հանցավոր խմբի անդամներին պատվիրել է հանցագործության կատարումը: Սարգսյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

2019 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ Ոստիկանությանը հայտարարություն էր տարածել https://a1plus.am/hy/article/353921, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում Լևոն Սարգսյանը նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

Նոյեմբերի 25-ին ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել էր, որ  գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով ՌԴ գլխավոր դատախազությանն էր ՀՀԿ նախկին պատգամավորի արտահանձնման միջնորդությունը: ՌԴ դատարանը բավարարել էր արտահանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը։

Նախկին պատգամավորը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեջ: