Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի Հայաստանի առաջնություն. Տղամարդկանց չեմպիոնը հաղթեց, կանանցը՝ պարտվեց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր զուգահեռաբար մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ առաջնությունները:

Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը տղամարդկանց մրցաշարի մեկնարկային տուրում վստահ հաղթեց Արամ Հակոբյանին: Առաջին միավորները վաստակեցին նաև Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մ. Մարտիրոսյանը, ովքեր պարտության մատնեցին համապատասխանաբար Զավեն Անդրիասյանին և Հովհաննես Գաբուզյանին:

Արման Միքայելյանը հաշտություն կնքեց Շանթ Սարգսյանի, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մամիկոն Ղարիբյանի հետ: Վաղը կայանալիք 2-րդ տուրի կենտրոնական խաղում Արման Փաշիկյանը սևերով կհանդիպի Հայկ Մ. Մարտիրոսյանի հետ:

Կանանց մրցաշարում Հայաստանի 2019 թվականի չեմպիոն Մարիա Գևորգյանն առաջին տուրում սևերով անսպասելի պարտվեց Սուսաննա Գաբոյանին: Առաջնությունը հաղթանակով սկսեցին նաև Աստղիկ Հակոբյանն ու Նարե Առաքելյանը: Գրոսմայստեր Մարիա Կուրսովան այս տուրում ոչ-ոքի խաղաց Վերոնիկա Խաչատրյանի հետ:

Երկրորդ տուրում Սուսաննա Գաբոյանը կհանդիպի Նարե Առաքելյանի հետ: Մարիա Գևորգյանը կմրցի Վերոնիկա Խաչատրյանի հետ, իսկ Մարիա Կուրսովան սևերով ուժերը կչափի ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանի հետ: