Այսօր անցկացվեց Ս. Աբգար թագավորին նվիրված շախմատի մրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր տեղի ունեցավ շախմատի ամենամյա մրցաշար, որը նվիրված էր Ս. Աբգար թագավորի տոնին և անցկացվեց 7-րդ անգամ:
Ինչպես «Ա1+»-ին հայտնեց միջազգային կարգի մրցավար, միջազգային վարպետ Նորիկ Քալանթարյանը, 42 մասնակիցները նախ մրցեցին միմյանց հետ: Հետո այդ զույգերի հաղթողների հետ միաժամանակյա խաղ անցկացրին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Այստեղ հաջող հանդես եկավ Նոր Նորքի շախմատի դպրոցի 12-ամյա սան Դավիթ Նահապետյանը, որը ոչ-ոքի խաղաց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ և արժանացավ հատուկ մրցանակի: Մյուս պարտիաներում հաղթեցին փորձառու գրոսմայստերները:
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ում նախաձեռնությամբ է անցկացվում այս մրցումները, «Ա1+»-ին հայտնեց, որ եկող տարի մտադիր են ավելի մեծ ծավալով անցկացնել լավ ավանդույթ ձեռք բերած մրցաշարը և ավելացնել մասնակիցների քանակը:
Հավելենք, որ այս տարի մրցաշարին մասնակցեցին զինվորներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արարատյան Հայրապետական և հայաստանյան այլ թեմերի երիտասարդներ, Երևանի շախմատի դպրոցների սաներ, ՀՀ Ոստիկանական ակադեմիայի, Ազգային առաջնորդության ինստիտուտի և այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: