Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» շանս չտվեց «Կարմիր ցուլերին», իսկ «Բարսելոնան»՝ «Ինտերին»

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 6-րդ տուրի առաջին հանդիպումները:

E խմբում գործող գավաթակիր «Լիվերպուլը» վերջին խաղում հյուրընկալվելիս 2:0 հաշվով վստահ հաղթեց Ավստրիայի չեմպիոն «Ռեդ Բուլ Զալցբուրգին», վաստակեց 13 միավոր և գրավեց 1-ին տեղը: Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը նվաճեց իտալական «Նապոլին», որը սեփական դաշտում ընդունեց բելգիական «Գենկին» և տարավ իր ամենախոշոր հաշվով հաղթանակը լիգայում՝ 4:0:

F խմբի առաջատար «Բարսելոնան», որը ժամանակից շուտ լուծել էր 1/8 եզրափակիչ մտնելու հարցը, Միլանում անգամ առանց առաջատար ֆուտբոլիստների հաղթեց «Ինտերին»՝ 2:1: Իսպանացիների կազմում գոլերից մեկը խփեց Անսու Ֆատին, որը այդ պահին 17 տարեկան և 40 օրական էր: Նա դարձավ չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Այս խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Դորտմունդի «Բորուսիան», որը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց չեխական «Սլավիային» և շրջանցեց «Ինտերին»: Իտալիայի առաջնության առաջատարը պայքարը կշարունակի արդեն Եվրոպայի լիգայում:

G խմբում բավականին անսպասելի հանգուցալուծում տեղի ունեցավ: Առաջին տեղում ընթացող «ՌԲ Լայպցիգը» ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Լիոնի» հետ, չնայած առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:0 գնդակի առավելությամբ: Ֆրանսիաական ակումբը վաստակեց 8 միավոր և գրավեց անցումային 2-րդ տեղը, քանի որ նրան համաքայլ ընթացող «Զենիթը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Բենֆիկային» և ոչ միայն դուրս մնաց պայքարից, այլև կորցրեց Եվրոպայի լիգայում խաղալու իր շանսը, քանի որ պորտուգալացիների հետ առանձին հարաբերություններում մրցակցին զիջեց սեփական դաշտում բաց թողած միակ գոլով:

H խմբում նույնպես անակնկալ գրանցվեց: Առաջին տեղում ընթացող «Այաքսը» սեփական դաշտում 0:1 նվազագույն հաշվով պարտվեց «Վալենսիային» և իր տեղը զիջեց հենց իսպանական ակումբին: Հոլանդիայի փոխչեմպիոնին շրջանցեց նաև Լոնդոնի «Չելսին», որը սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց խմբի ետնապահ «Լիլին» և բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Այաքսը» ելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում: