Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Բռնաբարության մասին կանայք հաճախ նախընտրում են լռել»․ իրազեկման ակցիա սեռական բռնության դեմ (տեսանյութ)

Հայաստանում այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում, ոստիկանության տվյալներով,  իգական սեռի 74 ներկայացուցիչ ենթարկվել է  սեռական բռնության։

Դեպքերից՝ 40 անչափահաս է ենթարկվել սեռական բռնության, նրանցից 39-ը աղջիկներ են։
Նոյեմբերի 25-ը միջազգայնորեն ճանաչված է որպես գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկ։ Հայաստանում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչներն իրազեկման ակցիա են իրականացնում՝  «Մեղավորը բռնարարն է» խորագրի ներքո։ Նրանք նշում են՝ ակցիան ընդդեմ սեռական բռնության է, մասնավորպես՝ բռնաբարության։ Նրանց խոսքով՝ Հայաստանում հասարակությունը հաճախ զոհին է մեղադրում՝ մատնանշելով, թե ինչ էր հագել, ինչպես էր շպարվել և այլ հանգամանքներ։

«Ցավոք սրտի այդ դիսկուրսն առկա է ոչ միայն հասարակության մեջ, այլև իրավապահ կառույցների շրջանում։ Մեր նպատակն է կոտրել այս կարծրատիպը և դիսկուրսը տեղափոխել ենթարկածից այն մարդուն, ով ենթարկել է բռնության։ Իրականում սեռական բռնությունը լատենտ հանցագործություն է, որի մասին շատ քչերն են համարձակվում խոսել, այդ իսկ պատճառով շատ կարևոր է ամենօրյա իրազեկումը»,-  նշում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։

Կոալիցիայի ներկայացուցիչ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշում է՝ բռնաբարության մասին կանայք հաճախ նախընտրում են լռել՝ տարբեր վախերից ելնելով.

«Տարիներ առաջ շատ ավելի դժվար էր, երբ մենք խոսում էինք ընտանեկան բռնության մասին հասարակությունը հաճախ դիմադրում էր, և կանայք ևս, որովհետև չէին պատկերացնում՝ ինչ է իրենից ներկայացնում բռնություն երևույթը։ Շատ հաճախ այն կարծրատիպերը, որոնցով առաջնորդվում է հասարակությունը, ազդում է նաև կանանց վրա, և նրանց համար նորմալ էր, որ այդպիսի հարաբերություններ պիտի լինեն։ Բայց հանրային իրազեկման ակտիվ գործուներության ընթացքում կոտրվեց նաև այդ պատկերացումը»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը և ավելացնում՝ բռնաբարության մասին չխոսելու կարծրատիպը ևս կկոտրվի, և մարդիկ կսկսեն խոսել նաև սրա մասին։

Ակցիայի մասնակիցները կախել էին տղամարդկանց հագուստ, որոնց վրա փակցված գրառումները պատմում էին սեռական բռնության իրական դեպքերի մասին։

Նշեցին՝ սեռական բռնության ենթարկվելիս կանայք կարող են դիմել Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։