Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան
A A
Սպորտ Հասարակություն

Ինչու և ինչպես հրաժարական տվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն շատ արագ արձագանքեց Եվրո-2020-ում Հայաստանի ընտրանու Իտալիայից կրած խայտառակ պարտությանը (1:9) և այսօր արտահերթ նիստ հրավիրեց: Այն մոտ 5 ժամ տևեց:

«Այս պարտությունը շատ մտահոգիչ էր և պետք էր այդ հարցին լուծումներ տալ: Քննարկման արդյունքում ես որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ գործկոմի անդամներին առաջարկեցի ընդունել իմ հրաժարականի դիմումը», - գործկոմի նիստից հետո հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Այնուհետեև նա խոսքը փոխանցեց գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանին, որը ասաց, որ գործկոմը ընդունել է նախագահի հրաժարականը և նրան շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար:

«Քննարկելով իրավիճակը եկել ենք այն եզրակացության, որ ֆեդերացիայում և հայկական ֆուտբոլում պետք է սկսել առողջացման գործընթաց: Գործկոմը և պարոն Վանեցյանը միասին եկան մեկ հայտարարի, որ պետք այսօրվանից սկսել ֆուտբոլի մաքրման գործընթացը: Նախագահի հրաժարականից հետո որոշվեց այս տարվա դեկտեմբերի 23-ին հրավիրել ֆեդերացիայի ժողով, որի ժամանակ պետք է ընտրվի նոր նախագահ և նոր գործկոմ», - ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Վերջինս նաև ավելացրեց, որ առողջացման գործըթացը սկսվելու է ֆուտբոլային կեղծ կառույցների հայտնաբերմամբ, որպեսզի դրանք այլևս չմասնակցեն ՀՖՖ-ի ժողովներին և նախագահագան քվեարկությանը:

Արթուր Վանեցյանը դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենակարճ ժամանակով ղեկավարած նախագահը: Նա այս պաշտոնում նշանակվել էր անցած տարվա սեպտեմբերին:

Սակայն հարց է ծագում. եթե Արթուր Վանեցյանն այսօր էլ լիներ ԱԱԾ պետ, արդյոք Իտալիայից կրած խայտառակ պարտությունից հետո կդիմեր նույն քայլին:

Կարծում ենք՝ դժվար:

Ի դեպ, մեկ տարի առաջ Հայաստանի բոլոր ֆուտբոլային ակումբները պաշտպանել էին Արթուր Վանեցյանի թեկնածությունը:
Իսկ ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա մեջ, որ ՀՖՖ նախագահը հրաժարական տվեց:
Արդյոք միակ պատճառը Իտալիա – Հայաստան հանդիպման հաշիվն էր, թե կան այլ պատճառներ:
Իսկ միգուցե պարտադրել են.....
 
Ինչևէ:
Մեր ֆուտբոլում կրկին անորոշություն է տիրում: Ո՞վ կդառնա ֆեդերացիայի նախագահ, ովքե՞ր կընտրվեն գործկոմի կազմում, ֆուտբոլի զարգացման ի՞նչ ծրագիր կընդունի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը և այլն: Հարցեր, որոնք կրկին կծագեն դեկտեմբերի 23-ից հետո, երբ տեղի կունենա ՀՖՖ հերթական արտահերթ ժողովը: