Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչո՞ւ է կալանավորը կարողանում փախուստի դիմել բժշկական հաստատությունից

Այսօր հայտնի դարձավ, որ ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը  հիվանդասենյակից դիմել է փախուստի։

Դեպքի վերաբերյալ «Ա1+»-ին մեկնաբանություն է տվել Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Պահպանության ապահովման բաժնի նախկին գլխավոր մասնագետ, արդարադատության պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը։

«Դեռևս 2014 թվականին ծառայության ընթացքում լինելով Երևանի քրեակատարողական ծառայության Պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ՝ բարձրաձայնել եմ, որ առողջապահական հաստատություններում նշանակված պահակակետերի ծառայողների աշխատանքային իրավունքները կոպտորեն խախտվում են։ Խախտումը վերաբերում է Աշխատանքային օրենսգրքի Հոդված 152-ին(Ընդմիջում հանգստի եւ սնվելու համար)»,- ասաց Հովհաննիսյանը:

Տվյալ պարագայում, ըստ նրա, պահակակետերում նշանակված ծառայողները շուրջօրյա ծառայության ընթացքում կորցրել են զգոնությունը կամ քնել են, ինչի հետևանքով կալանավորները կամ կալանավորված անձինք դիմել են փախուստի։

Հովհաննիսյանը հիշեցրեց այս տարվա հոկտեմբերի 17-ին «Ա1+»-ի  հրապարակմանն ուղարկված դիմումը, որում նշել էր․ «Քրեակատարողական ծառայությունում ծառայողների իրավունքների և ծառայության ընթացքում հասանելի հանգստի համար անհրաժեշտ ժամանակ ունենալու իրավաչափ ակնկալիքների մասսայական խախտման հետևանքով  քաղաքացիական առողջապահական հաստատությունների  պահակետերում նշանակված  ծառայողները  շուրջօրյա  ծառայության ընթացքում  կորցրել  են զգոնությունը,  կամ   քնել  են  պահակետում  և  տեղի են ունեցել  կալանավորների կամ  դատապարտյալների  փախուստներ՝ մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը ներառյալ»։ Արդարադատաության մայորը «Ա1+»-ին էր տրամադրել Հատուկ քննչական ծառայության գրությունը, որով տեղեկացրել էր իր հաղորդման հիման վրա գործ հարուցելու կամ չհարուցելու որոշման վերաբերյալ։

Պահեստազորի մայորն «Ա1+»-ին է փոխանցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ Մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշումը (հրապարակված է հոդվածի վերջում – հեղ․), որում արձանագրված է․ «Կանոնակարգված չէ կամ ոչ բավարար չափով է կանոնակարգված Քրեակատարողական ծառայության ոլորտը, մասնավորապես բացակայում են քրեակատարողական ծառայության պայմանները, հատկապես քրեակատարողական ծառայողների հանգստի և սնվելու ժամանակացույցերը, ընդմիջումների սկիզբը և ավարտը սահմանող իրավական ակտերը»։

Էդգար Հովհաննիսյանը գալիս է այն եզրահանգման, որ մինչև առ այսօր՝ պաշտոնատար անձինք թե՛ Արդարադատության նախարարը, թե՛ Քրեակատարողական ծառայության պետը բոլոր միջոցները չեն ձեռնարկել այդ խախտումները վերացնելու ուղղությամբ, պատասխանատվության են ենթարկվում միայն առողջապահական հաստատություններում ծառայություն իրականացնող շարքային ծառայողները։ «Այդ մասին իրազեկված է նաև Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը, ՀՀ դատախազությունը։ Սակայն, ըստ էության, պետական մեղադրանք պաշտպանելիս դատախազներն անտեսում են այն փաստը, որ պատասխանատվության ենթարկվողների քանակը պետք է լինի ավելի լայն, քանի որ վերոնշյալ խնդրի լուծման հնարավորությունն ունեն բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Արդարադատության նախարարը և ՔԾ պետը»,- ընդգծեց նա։

Ծառայողների աշխատանքային իրավունքների խնդիրը, ըստ արդարադատության մայորի, կարող է կարգավորվել իրավական ակտով, առնվազն՝ Արդարադատության նախարարի կամ ՔԾ պետի հրամանով, որում պետք է նշված լինի յուրաքանչյուր ծառայողի ընդմիջման և հանգստի ժամանակահատվածը։ «Փախուստների դեպքն արդեն կրում է ռեցիդիվ բնույթ՝ 2014 թվականից առ այսօր սա արդեն փախուստի 5-րդ դեպքն է»,- շեշտեց նա։

Այս թեմայով «Ա1+»-ը զրուցեց նաև ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ղեկավար, իրավաբան Հասմիկ Հարությունյանի հետ։ «ՔԾ ծառայողների, աշխատակիցների առումով խնդիրներ շատ կան և բազմիցս ենք բարձրաձայնել։ Սկսած հաստիքների թվից, ներառյալ ՔԾ աշխատակիցների այն թիվը, որ պետք է կալանավորին ուղեկցի բուժհաստատություն, համապատասխան վերահսկողություն իրականացնի, դատարան, դատական նիստերի ժամանակ հսկողության իրականացնի վերջացրած նրանց պատրաստվածության և անձնական երաշխավորման հետ կապված։

Ինչ վերաբերում է այսօրվա փախուստի դեպքին՝ Հարությունյանն ասաց, որ քննությունը ցույց կտա պատճառները և չի կարող ասել, արդյո՞ք պատճառը համակարգային նման խնդիրն է եղել։ Իրավաբանն ասաց, որ իրականացված մշտադիտարկումներից ելնելով՝ կարող է նշել, որ փախուստների դեպքերը շատ հաճախ կարող են պայմանավորված լինում ինչպես ծառայողների թվի պակասով, այնպես էլ որոշակի պատրաստվածության ցածր մակարդակով, ինչն էլ Քրեակատարողական համակարգի առավել խոցելի կետերից մեկն է։

«Ա1+»-ը վերոնշյալ խնդրի վերաբերյալ հարցում կուղարկի Արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն։ Պատասխան ստանալուց հետո դրանք կհրապարակվեն: