ՀՔԾ-ն գործ չի հարուցել․ արդարադատության մայորը հնարավոր է դիմի Գլխավոր դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության նախկին գլխավոր մասնագետ, արդարադատության պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանը հոկտեմբերի 17-ին դիմել էր «Ա1+»-ին, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ Քննչական ծառայություն։
Դիմումը հասցեագրված էր եղել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։
Դումումի մեջ Հովհաննիսյանը նշել էր, որ ծառայության ընթացքում մի շարք խախտումներով իր հայտնաբերած հանցակազմի հատկանիշներ պարունակող առարկաներ կոծկելու նպատակով իրեն ծառայությունից արձակել են։ Հովհաննիսյանը գրել էր, որ ծառայությունից արձակելիս իր դրամական բավարարման վերջնահաշվարկը սահմանված կարգի խախտմամբ է իրականացվել, զգալի նյութական վնաս է պատճառվել։
Քրեակատարողական ծառայությունում ծառայողների իրավունքների և ծառայության ընթացքում հասանելի հանգստի համար անհրաժեշտ ժամանակ ունենալու իրավաչափ ակնկալիքների խախտման հետևանքով, ըստ Էդգար Հովհաննիսյանի, քաղաքացիական առողջապահական հաստատությունների պահակահետերում նշանակված ծառայողները շուրջօրյա ծառայության ընթացքում կորցրել են զգոնությունը, քնել են, և տեղի են ունեցել կալանավորների , դատապարտյալների փախուստներ մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը ներառյալ:
Հովհաննիսյանը «Ա1+»-ին է ուղարկել Հատուկ քննչական ծառայության ներկայացրած իր դիմումի պատասխան գրությունը։ Գրության մեջ ՀՔԾ-ն տեղեկացրել է, որ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրա հիման վրա Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով որոշում կայացնելու (Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին) հիմքերը բացակայում են։
«Ա1+»-ի հետ զրույցում Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ հնարավոր է դիմումի համանման բովանդակությամբ դիմի նաև Գլխավոր դատախազություն։