ՀՔԾ պետին արդարադատության մայորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱրդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության նախկին գլխավոր մասնագետ, արդարադատության պահեստազորի մայոր Էդգար Հովհաննիսյանն այսօր դիմել է «Ա1+»-ին, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այն հասցեագրված է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին։
Պահեստազորի մայորը՝ ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով ամրագրված ու երաշխավորված զինվորական ծառայություն անցնելու, զինվորական ծառայությունից զորացրվելիս զինծառայողին և նրան հավասարեցված անձանց խախտված կամ վիճարկվող իրավունքների արտադատական և դատական պաշտպանության իրավունքն իրացնելու ազատությամբ, առաջնորդվելով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 13.07.2007թ. Էմմա Կարապետյանի վերաբերյալ գործով և 31.05.2014թ. Ռուզաննա Նիազյանի վերաբերյալ գործով նախադեպային որոշումներով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։
«Իմ նկատմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար՝ Ռ.Բադասյանի պաշտոնեական անգործության և պաշտոնեական թողտվությամբ՝ արդարադատության նախարարության համապատասխան աշխատակցի կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի մի շարք խախտումներով ծառայության ընթացքում իմ կողմից հայտնաբերված հանցակազմի հատկանիշներ պարունակող ներքոհիշյալ առարկաների կոծկելու նպատակով ինձ ծառայությունից արձակելու վերաբերյալ»,- հիմքերից մեկում նշել է նա։
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական ծառայությունից արձակելիս իր դրամական բավարարման վերջնահաշվարկը սահմանված կարգի խախտմամբ է իրականացվել (չի վճարվել), զգալի նյութական վնաս է պատճառվել, ինչպես նաև ՀՀ զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց արձակուրդային վճարումներն են սխալ հաշվարկվել։
Քրեակատարողական ծառայությունում ծառայողների իրավունքների և ծառայության ընթացքում հասանելի հանգստի համար անհրաժեշտ ժամանակ ունենալու իրավաչափ ակնկալիքների մասսայական խախտման հետևանքով, ըստ Էդգար Հովհաննիսյանի, քաղաքացիական առողջապահական հաստատությունների պահակետերում նշանակված ծառայողները շուրջօրյա ծառայության ընթացքում կորցրել են զգոնությունը, կամ քնել են պահակետում և տեղի են ունեցել կալանավորների կամ դատապարտյալների փախուստներ մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը ներառյալ:
Հովհաննիսյանը հաշվի առնելով, որ վերը նշված փաստերով իր կողմից՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված դիմումի 18.06.2018 թ․ քննությամբ, ըստ էության, հաստատվել են խախտման փաստերը, անհրաժեշտ և բավարար հիմքեր է համարել քրեական գործի հարուցման առիթների առկայությունը։
ՔԿԾ նախկին գլխավոր մասնագետը նշել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի պետական կառավարման կարգի դեմ ուղղված համապատասխան հոդվածների հատկանիշների առկայությունը։
«Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և այն քննության առնելու սահմանված կարգով՝ խնդրում եմ սույն դիմումը համարել որպես հանցագործության մասին հաղորդում և հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված ենթակայության կանոնները՝ հանձնարարել իրավասու քննչական ստորաբաժանմանը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նախապատրաստելու նյութեր և հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ անհրաժեշտ և բավարար ապացույցների դեպքում հարուցել քրեական գործ՝ հետագայում նմանօրինակ դեպքերը կանխելու, մեղավորներին ի հայտ բերելու և պատասխանատվության ենթարկելու նկատառումներով»,- եզրափակել է նա: