Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (6)
A A
Պաշտոնական

Նախարարությունը՝ Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ

Դալմայի այգու տարածքում 16-17 դարերի քանդված գինու հնձանի վերաբերյալ ՀՀ
ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է հետևյալը.

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետները ս.թ. նոյեմբերի 16-ի առավոտյան
այցելել են Դայմայի այգիների ավերված շինության տարածք, տեղի են ունեցել
աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող
կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են
պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ:
Ավերված հնձանը ժամանակին չի ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության Երևան
քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը
հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի N 1616-Ն
որոշմամբ սահմանված ցանկում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական
կենտրոն» ՊՈԱԿ-ը դեռևս 2016թ. ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել
այդ տարածքում գտնվող ուշ միջնադարյան պատմաճարտարապետական կառույց
հանդիսացող մեկ այլ հուշարձանի վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով
կառույցի կարևորությունը Երևան քաղաքի պատմության ամբողջացման
համատեքստում, սակայն այն կրկին չի ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական
կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է հրատապ կարգով ստեղծել արշավախումբ՝
տեղում ուսումնասիրություններ կատարելու, պատմամշակության արժեք
ներկայացնող առկա շինություններն արձանագրելու և իր գործառույթների
շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ անհրաժեշտ գործողություններ
իրականացնելու համար: Կառուցապատողը պատրաստակամություն է հայտնել
համագործակցել սույն հարցով պատկան մարմինների հետ, տրամադրվել են
անհրաժեշտ փաստաթղթերը:

Արշավախմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքներն ամփոփելուց հետո
կներկայացվի հավելյալ տեղեկատվություն: