Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 2020 1
A A
Սպորտ

Եվրո-2020. Չորս երկրներ ևս մտան եզրափակիչ փուլ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում կայացան ընտրական փուլի 9-րդ տուրի առաջին հանդիպումները:

A խմբի առաջատար Անգլիայի ընտրանին սեփական դաշտում 7:0 հաշվով հաշվեհարդար տեսավ Չեռնոգորիայի նկատմամբ, վաստակեց 18 միավոր և եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց: Չեխիայի ընտրանին սկզբունքային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոսովոյի նկատմամբ և նույնպես մտավ եզրափակիչ փուլ:

B խմբում Պորտուգալիայի ազգային թիմը Քրիշտիանու Ռոնալդուի հեղինակած հեթ-տրիկի հաշվին սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախեց Լիտվային: Սակայն, պորտուգալացիները դեռ չեն ապահովել իրենց տեղն եզրափակիչ փուլում, քանի որ նրանք հետապնդող Սերբիայի ընտրանին հաղթեց Լյուքսեմբուրգին՝ 3:2 և դեռ պայքարում է երկրորդ ուղեգրի համար:

H խմբում նույնպես հայտնի դարձան երկու հաջողակները: Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարում այս խմբից հանդես կգան Ֆրանսիայի և Թուրքիայի հավաքականները: Վճռորոծ խաղում աշխարհի գործող չեմպիոնները սեփական դաշտում մեծ դժվարությամբ հաղթեցին Մոլդովային՝ 2:1: Նրանք վաստակեցին 22 միավոր և բարձրացան 1-ին հորիզոնական: Ֆրանսիացիների հետ համաքայլ ընթացող թուրք ֆուտբոլիստները իրենց հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին Իսլանդիայի հետ և պահպանեցին մրցակցի հետ եղած 4 միավորի առավելությունը:

Այդպիսով, արդեն հայտնի են Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած 10 երկրների անունները: Դրանք են Անգլիան, Չեխիան, Ուկրաինան, Իսպանիան, Լեհաստանը, Ֆրանսիան, Թուրքիան, Բելգիան, Ռուսաստանը և Իտալիան:

Այսօր տեղի կունենան 9-րդ տուրի հերթական հանդիպումները: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն ունեն Շվեդիան ու Ֆինլանդիան, սակայն դրա համար վերջինները պետք է անպայման հաղթանակ տանեն առաջիկա խաղում: