Հովիկ Աբրահամյանը չի դավաճանի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լինելու են հերթական ընտրություններ, եւ ընտրվելու է Սերժ Սարգսյանը: Գոնե ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը ընտրվի»,-այսպես պատասխանեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այն հարցին, թե ո՞վ է լինելու հանրապետության հաջորդ նախագահը, նա ընտրվելու է հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների միջոցով:
Հովիկ Աբրահմայանը չի հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին, քանի որ ԱԺ նախագահի պաշտոնն իրեն բավականացնում է:
Նա հերքեց այն լուրերը,թե պատրաստվում է ներիշխանական հեղաշրջում անել.«Հասկանալի չէ, թե ում ի նկատի ունեք»: Այնուհետեւ վստահեցրեց, թե ինքը թիմի անդամ է եւ միշտ հարգել է խաղի կանոնները. «Երբեք աչքի չեմ ընկել այն կողմով, որ կարող եմ թիմին դավաճանել: Սակայն հակառակ կողմով, որ նվիրված եմ, մինչեւ վերջ պայքարել եմ, իմ կարծիքով, 2007թ. երեւացել է, որ ղեկավարել եմ նախընտրական շտաբը, 2008թ. ես ղեկավարել եմ նախագահի շտաբը: Իմ նկատմամբ կա վստահություն ՀՀԿ-ի կողմից, նաեւ Սերժ Սարգսյանի կողմից, որն ինձ առաջարկել էր ԱԺ նախագահի պաշտոնը»:
Ի դեպ, այսօր հարց հնչեց նաեւ Արտաշատում նրա եղբոր` Հենրիկ(Ջոնիկ) Աբրահամյանի եւ Հովհաննես Ղազարյանի (Գազի Հովոյի) ընտանիքի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպերի վերաբերյալ: Նա նախ հայտարարեց, թե ԶԼՄ-ները երբ, ինչ -որ բան չեն ունենում գրելու, անդրադառնում են այդ թեմային, այնուհետեւ ավելացրեց, թե ինքն առաջինն է դատապարտել կատարվածը եւ պահանջում է, որ մեղավորներն արժանի պատիժ ստանան. «Արտաշատյան դեպքերը կապել ինձ հետ, նույնպես ազնիվ չէ, բայց ինքնըստինքյան ես կապ ունեմ, քանի որ իմ եղբոր որդին է: Օրենքով այն պատժամիջոցները, որոնց արժանի են այդ դեպքի մասնակիցները, պետք է դատապարտվեն: Ես ընդհանրապես, որեւէ հաշվեհարդարի կամ հետապնդման խնդիր չունեմ: Վեճ է եղել, պատժվել են մարդիկ, եղել են կրակոցներ, եղել են որոշ գործողություններ, որոնք դատապարտվել են իրավապահ մարմինների կողմից: Եվ իմ անելիքը հետեւելն է, որպեսզի օրենքով բոլորը ստանան համապատասխան պատիժները»:
Քաղաքական գործչին խելք պետք չի՞
«Քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ: Այնքան մարդիկ կան, որ պատահական կարող են դառնալ քաղաքական գործիչ, բայց չկա մի մարդ, որ պատահական դառնա գործարար»,-այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինս պատրաստվում է 2012թ. ՀՀԿ-ում բարձրացնի այն հարցը, որ խորհրդարանում գործարարներ քիչ լինեն: «Եթե պատահական դառնա գործարար, կարճ ժամանակ հետո կունենա ֆինանսական պրոբլեմ եւ կսնանկանա, իսկ մեկը կարող է պատահական ընտրվել պատգամավոր եւ 5 տարի դառնա քաղաքական գործիչ»,- կարծում է նա:
Իսկ այս պարագայում Հովիկ Աբրահամյան ինքն իրեն քաղաքական գործի՞չ է համարում է, թե՞ գործարար` հարցին նա պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ եմ, բայց լավ եմ հասկանում նաեւ գործարարությունը, բիզնեսը: Դա ինձ օգնում է: Տեսական գիտելիքները շատ եմ հարգում, բայց մարդը նաեւ պրակտիկա պետք է անցած լինի, որ համատեղի տեսական գիտելիքների հետ ու ունենա արդյունք»:
Ի դեպ, ԱԺ նախագահը իր առջեւ նպատակ է դրել` ամեն ինչ անել, որ խորհրդարանը հանրության համար դառնա բաց եւ հրապարակային, որ ԱԺ հասու լինի մեր հանրության տարբեր խավերի ներկայացուցիչներին: «Սա տաբուներ ջարդելու տարի էր: Շատ- շատերը տեսան եւ զգացին, որ ԱԺ խորհրդավոր եւ բազմաթիվ դռների ետեւում թաքնված կառույց չէ, մենք ջարդեցինք այդ խորհրդավորության զգացումը: Մենք պետք է նաեւ կարողանանք ցույց տալ, որ ԱԺ-ն ինստիտուտ է, որ լսում է մարդուն, մարդկանց կողքին է եւ մարդկանց համար է: Լավ միտքը եւ խելամիտ գաղափարը հաղթում է Հայաստանում»:
Նաեւ նշենք, որ Ձմեռ պապուց ԱԺ նախագահը ուզում է տղա թոռնիկ:
«Անազնիվ է»
Հայ թուրքական արձանագրությունների հարցը, ըստ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, կքննարկեն միայն այն ժամանակ, երբ կքննարկի եւ որոշում կկայացնի Թուրքիայի Մեջլիսը:
Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի ԱԺ-ն ողջամիտ ժամկետներում կքննարկի այդ հարցը եւ կվավերացնի արձանագրությունները, եթե ոչ, մենք կանենք քայլեր, որը կհամապատասխանի իրենց կողմից արված քայլերին»,- ասաց նա: Իսկ ինչ վերաբերվում է թուրք պաշտոնյաների հայտարարություններին, որով հայ-թուրքական հարաբերությունները կապում են ԼՂ խնդրի հետ, Հովիկ Աբրահամյանը ասաց, թե յուրաքանչյուր պաշտոնյայի նման րտահայտություններն ազնիվ չեն, քանի որ ի սկզբանե նախագահները պայմանավորվածություն են ունեցել, որ մենք սկսում ենք դիվանագիտական հարաբերություններն առանց նախապայմանների. «Դա կա նաեւ արձանագրություններում: Իրենք իրենց ելույթներում փորձում են այդ հարցը կապել ԼՂ խնդրի եւ ցեղասպանության հետ, սակայն կարծում եմ, որ դա անազնիվ քայլ է»: