Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Ռոման» առաջին պարտությունը կրեց, Մխիթարյանը բաց թողեց խաղը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները: Հայտնի դարձան առաջին թիմերը, որոնք ժամանակից շուտ մտան փլեյ-օֆֆի 1/16 եզրափակիչ:

Իսպանական «Սևիլյան» հյուրընկալվելիս 5:2 հաշվով ջախջախեց հայ երկրպագուներին քաջածանոթ «Դյուդելանժին» և տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Իսպանացիներն արդեն անհասանելի է իրենց մրցակիցների համար: Այս խմբի երկրորդ խաղում Կիպրոսի ԱՊՈԵԼ-ը սեփական դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ադրբեջանական «Ղարաբաղի» նկատմամբ և բարձրացավ 2-րդ հորիզոնական:  

Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տուրում իր հարկի տակ 3:0 հաշվով վստահ հաղթեց սերբական «Պարտիզանին» և հենց վերջինիս զրկեց իրեն շրջանցելու հնարավորությունից: Այս խմբում երկրորդ տեղում ընթացող «ԱԶ Ալկմարը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախեց ղազախական «Աստանային» և վերջնականապես դուրս թողեց մրցակցին լիգայից:

Խմբային փուլի արգելքը հաղթահարեց նաև շոտլանդական «Սելթիկը», որը Հռոմում կամային հաղթանակ տարավ տեղի «Լացիոյի» նկատմամբ՝ 2:1, և վաստակեց 10 միավոր: Նրան հաջորդում է ռումինական «Կլուժը», որը սեփական դաշտում 1:0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Ռենին» և վերջինիս զրկեց փլեյ-օֆֆից:

Խմբային փուլից դուրս են մնացել նաև թուրքական «Բեշիկթաշն» ու նորվեգական «Ռուսենբորգը» որոնք այս տուրում կրեցին չորրորդ անընդմեջ պարտությունը:

Հավելենք, որ Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և կրեց առաջին պարտությունը: Մեր ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը:

Իտալական ակումբն այժմ 5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է թուրքական «Բաշակշեխիրը», որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով անսպասելի հաղթեց ավստրիական «Վոլսբերգերին» և վաստակեց 7 միավոր:

Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղերը, կկայանան նոյեմբերի 28-ին: