Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Բավարիան», «Յուվենթուսը» և «ՊՍԺ»-ն առաջինը մտան փլեյ-օֆֆ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի մնացած ութ հանդիպումները:

A խմբի առաջատար «ՊՍԺ»-ն իր հարկի տակ մեկ անպատասխան գնդակ խփեց «Բրյուգեին» և տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը: Ֆրանսիական ակումբը ժամանակից շուտ մտավ փլեյ-օֆֆ: Երկրորդ տեղն այժմ վստահորեն զբաղեցնում է Մադրիդի «Ռեալը», որն ընթացիկ խաղում սեփական դաշտում պարզապես ջախջախեց թուրքական «Գալաթասարային»՝ 6:0: Հաջորդ փուլից մադրիդցիներին բաժանում է ընդամենը մեկ միավոր:

B խմբում նույնպես հայտնի դարձավ փլեյ-օֆֆի առաջին մասնակիցը: Դա Մյունխենի «Բավարիան» է, որն առանց գլխավոր մարզչի (Նիկո Կովաչը երեք օր առաջ պաշտոնանկ էր արվել) 2:0 հաշվով վստահ հաղթեց «Օլիմպիակոսին» և վաստակեց 12 միավոր: Գերմանական ակումբին հետապնդող Լոնդոնի «Տոտենհեմը» Բելգրադում 4:0 հաշվով ջախջախեց տեղի «Ցրվենա Զվեզդային» և տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը: Անգլիացիները 7 միավորով վստահ զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:

C խմբի ընդգծված առաջատար «Մանչեսթեր Սիթին» այս անգամ հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ՝ 1:1, որին երկու շաբաթ առաջ հաղթել էր: Անգլիացիները հանդիպումն ավարտեցին առանց դարպասապահի, քանի որ հիմնական դարպասապահը փոխարինվել էր ընդմիջմանը, իսկ պահեստայինը 81-րդ րոպեին հեռացվել դաշտից: Արդյունքում, խաղի վերջում «Մանթեսթեր Սիթին» դարպասի պահպանումը ստիպված վստահել էր թիմի խաղացողներից մեկին: Այդ խմբի երկրորդ խաղում Զագրեբի «Դինամոն» ու Դոնեցկի «Շախտյորը» գոլառատ ոչ-ոքի արեցին՝ 3:3: Թիմերը վաստակեցին 5-ական միավոր և առայժմ բաժանում են 2-3-րդ տեղերը:

D խմբի առաջատար «Յուվենթուսը» Մոսկվայում 2:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվին», վաստակեց 10 միավոր և ժամանակից շուտ ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: Իսկ ահա երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս զիջեց «Բայերին» և կրեց առաջին պարտությունը՝ 1:2: Մադրիդցիներն ունեն 7 միավոր, իսկ «Լոկոմոտիվն» ու «Բայերը»՝ 3-ական:

Չեմպիոնների լիգայի հաջորդ՝ 5-րդ տուրի խաղերը, կկայանան նոյեմբերի 26-ին և 27-ին: