Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Ֆուտբոլային «փոխհրաձգություն» Լոնդոնում, «երաշտ»՝ Բարսելոնայում

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան խմբային փուլի 4-րդ տուրի առաջին ութ հանդիպումները:

E խմբի առաջատար «Նապոլին» սեփական դաշտում չկարողացավ կոտրել «Զալցբուրգի» դիմադրությունը և ոչ-ոքի խաղաց՝ 1:1: Իտալացիների սայթաքումից անմիջապես օգտվեց գործող գավաթակիր «Լիվերպուլը», որն իր հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Գենկի» նկատմամբ, տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը և 9 միավորով դարձավ առաջատար: «Նապոլին» ունի 8, իսկ «Զալցբուրգը»՝ 4 միավոր:

F խմբի առաջատար «Բարսելոնան» սեփական դաշտում չկարողացավ գրավել Պրահայի «Սլավիայի» դարպասը և անսպասելի գոլազուրկ ոչ-ոքի խաղաց՝ 0:0: Չնայած միավորների կորուստին, կատալոնցիները պահպանեցին առաջին տեղը, քանի որ նրան հետապնդող Դորտմունդի «Բորուսիան» ու Միլանի «Ինտերն» արդեն ետ էին մնում 4 միավորով: Այդ թիմերի հանդիպումն ավարտվեց գերմանական ակումբի կամային հաղթանակով՝ 3:2, չնայած առաջին երկու գոլերը խփել էին իտալացիները: «Բարսելոնան» այժմ ունի 8 միավոր, «Բորուսիան»՝ 7, «Ինտերը»՝ 4, «Սլավիան»՝ 2:

G խումբը գլխավորող «ՌԲ Լայպցիգն» հյուրընկալվելիս կրկին անգամ հաղթեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»՝ 2:0, վաստակեց 9 միավոր և ամրապնդեց դիրքերը: Երկրորդ տեղ բարձրացավ «Լիոնը», որը սեփական դաշտում 3:1 հաշվով պարտության մատնեց «Բենֆիկային» և իր միավորների քանակը հասցրեց 7-ի: «Զենիթը» վաստակել է 4 միավոր, իսկ «Բենֆիկան»՝ 3:

H խմբում այս տուրից հետո հաստատվեց եռիշխանություն: Երկու առաջատարները՝ «Չելսին» ու «Այաքսը», Լոնդոնում գերարդյունավետ ոչ-ոքի արեցին՝ 4:4: Այդպիսով, թիմերը վաստակեցին 7-ական միավոր: Նրանց հավասարվեց «Վալենսիան», որը սեփական դաշտում ջախջախեց «Լիլին»՝ 4:1, թեև առաջին խաղակեսից հետո հաշիվը 0:1 էր: Այս պարտությունից հետո ֆրանսիական ակումբը դուրս մնաց չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից:

Տուրի մնացած խաղերը կկայանան այսօր: