Բացել լրահոսը Փակել լրահոսը
no-smoking-restaurant-bloomberg-060918-1
A A
Քաղաքականություն

Ինչպե՞ս է վերահսկվելու հակածխախոտային օրենքի կիրառումը Հայաստանում․ քննարկում ԱԺ-ում

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց հակածխախոտային օրենքի նախագծի հիմնական դրույթները։

Նա նշեց, որ այս նախագիծը նպատակ ունի ՀՀ-ում նվազեցնել ծխախոտի սպառումը, բնակչության առողջությունը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից և ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացությունների ցուցանիշը նվազեցնել՝ ծխախոտի օգտագործման նվազեցման հաշվին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունեն, երբ օրենքում նշել  են, որ պետք է արգելվի ծխախոտանման արտադրանքների իրացումը։

Փոխնախարարն ի պատասխան նշեց, որ ծխախոտանման արտադրատեսակները ծխախոտի օգտագործման խթանմանն ուղղված մարքետինգային քայլեր են, որոնք ուղղորդում են, որ երեխաները, օրինակ ծխախոտանման ծամոնը գնելով, հետաքրքրվեն ծխախոտով։

Պատգամավորներն ասացին, որ օրենքի այս դրույթը հստակեցման կարիք ունի, որովհետև շատ արտադրատեսակներ անարդարացիորեն կարող են առնվել այս դրույթի ներքո։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին հետաքրքրում էր՝ գնահատվե՞լ է արդյոք՝ որքան են կազմելու վարչարարության ծախսերը, ո՞վ է իրականացնելու բոլոր փակ, կիսափակ հաստատություններում ծխելու արգելքի վերահսկողությունը, և պետությունը ի՞նչ ռեսուրս է դրա վրա ծախսելու։

Ի պատասխան՝ փոխնախարարն արձագանքեց․

«Բնականաբար, վարչարարության առումով լրացուցիչ բեռ է հանդիսանալու, բայց մենք այդ վարչարարությունը թեթևացնելու նպատակով և նաև օրենքի կիրառումն ապահովելու համար նախատեսում ենք օրենքի ընդունումից հետո իրազեկման և կրթական աշխատանքներ իրականացնել բոլոր վերահսկող մարմինների հետ։ Բացի այս իրազեկման աշխատանքներից՝ նախատեսում ենք ինովացիոն տեխնոլոգիաների օգտագործում, որը թույլ է տալիս, բացի պլանային տեսչական ստուգումներից, իրականցնել նաև որոշակի ստուգումներ ահազանգերի դեպքում»։