ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցը մինչ օրս չի լուծվում․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Կրակոցները նոր չեն, և այդ հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է։ Այսօրվա նիստին, ենթադրում եմ, որ այդ հարցի վերաբերյալ քննարկում կլինի։ Բայց զարմանալի է, որ դրա մասին մենք անընդհատ պետք է ասենք և նշենք, որ ինչ-որ կողմից ինչ-որ արձագանք լինի մի կառույցում, որը միտված է այդ կրակոցները թե՛ ապագայում, թե՛ ներկայում նվազեցնելուն»,- ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի խոսքին, թե Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կապված իր սահմանին կրակոցներ լինելու փաստով, Ալեն Սիմոնյանը չշտապեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ պարոն Զատուլինի հայտարարությանը ծանոթ չէ։
«Պետական դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ի ուղղությամբ կրակոցներն անընդունելի են՝ լինի ՀԱՊԿ շրջանակում, թե ընդհանրապես։ Ես պաշտոնապես գնահատական չեմ տալու»,- ասաց նա։
Հարցին, թե ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ Հայաստանը հարց բարձրացնո՞ւմ է, ԱԺ փոխխոսնակն ասաց՝ այլ հարց չկա, որն այդքան շատ է բարձրացվել։
«Իմ առաջին հանդիպման ժամանակ Կոնստանտին Զատուլինի և Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյանների հետ այդ հարցը բարձրացվել է, բայց խնդիրը մինչ օրս չի լուծվում։ Նույնիսկ վարչապետի կողմից այդ հարցը բարձրացվել է։ Իրենց արձագանքը մշտապես լինում է նույնը, որը դուք լսել եք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։