Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo
A A
Սպորտ

Սամբոյի 2019թ աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 11 մարզիկ-մարզուհի (տեսանյութ)

Նոյեմբերի 8-10-ը հարավկորեական Չհոնջյու քաղաքի Sukwoo Culture Gym մարզապալատում կանցակացվի սամբոյի 2019թ աշխարհի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Երկրագնդի ուժեղագույն սամբիստները տղամարդկանց, կանանց և մարտական սամբոյի 9-ական քաշային կարգերում կպայքարեն 27 հավաքածու մեդալների համար: Սամբոյի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է նաև 216000 դոլար մրցանակային ֆոնդի մասին, որը կբաշխվի ըստ վաստակած մեդալների. ոսկե մեդալ՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 դոլար:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տարվա կարևորագույն մրցումներին կգործուղի 11 մարզիկ-մարզուհի: Նոյեմբերի 8-ին մրցագորգ կմտնեն մարզական սամբոյի տղամարդկանց 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը, 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը: Նույն օրը մեդալի համար կպայքարի նաև մարտական սամբոն ներկայացնող 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը:

 

Նոյեմբերի 9-ին մրցագորգում կտեսնենք մեր միակ կին ներկայացուցչին՝ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանին, և մարզական սամբիստներ Գրիգոր Մխիթարյանին (57 կգ), Արսեն Ղազարյանին (74 կգ), Էդիկ Պետրոսյանին (100 կգ):

 

Նոյեմբերի 10-ին ելույթ կունենան մարզական սամբիստներ Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ) և մարտական սամբիստ Ջոն Բալայանը (52 կգ):

 

Հարավային Կորեա կմեկնեն նաև հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանն ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: