Ստամբուլյան կոնվենցիան հակամարդկային, հակաբնական, հակաբարոյական երևույթ է․ սահմանադրագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոն վարիչ, «Հայոց արարման հավաք» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Այվազյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձավ Սահմանադրական դատարանին, Ստամբուլյան կոնվենցիային և իր գլխավորած կազմակերպության հայտարարած «Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժմանը։
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նոյեմբերի 1-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել կրկին նշելով, որ Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, իսկ ճգնաժամից դուրս գալու նախապայմանը ՍԴ նախորդ ողջ ժամանակաշրջանի իրավաքաղաքական գնահատականն է և այլն։
Սակայն, ըստ Վարդան Այվազյանի ճգնաժամը Սահմանադրական դատարանում չէ, ճգնաժամը գլոբալ է, և ընդհանրապես Հայաստանում առկա է սահմանադրականության ճգնաժամ։ «Վահե Գրիգորյանի առաջարկած ցանկացած տարբերակ Ազգային ժողովի կամ այլ պետական մարմնի միջոցով խնդրի հանգուցալուծման առումով կլինի հակասահմանադրական քայլ ու կհուղարկավորի մեր երկրի Սահմանադրությունը և ընդհանրապես իրավունքի համակարգը»,- նշեց իրավաբանը։ Ըստ Այվազյանի՝ խնդիրը կարող է լուծվել միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով։
Խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ հասարակական գործիչն ասաց, որ դրա վավերացումը հարված է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և հայկական ինքնությանը։ «Դա ոչ միայն հակասահմանադրական, այլև՝ հակամարդկային, հակաբնական, հակաբարոյական երևույթ է։ Եվ ես այս առումով պատրաստ եմ ցանկացած եվրոպական փորձագետի, Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հրապարակային բանավեճի մեջ մտնել և հիմնավորել, որ Ստամբուլյան կոնվենցիան իրենից ներկայացնում է մարդկային չարիք»,- ընդգծեց նա։
Այվազյանի հիմնավորումն այն է, որ Երկիր մոլորակի վրա կա մարդ հասկացությունը, որն ունի իր անփոփոխ էությունը, իսկ սահմանադրությունը կոչված է ամրագրելու, թույլ չտալու, որպեսզի փոխվի մարդկային էությունը։ «Մեր Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ ընտանիքը համարվում է հասարակության հիմնական բջիջ և բնակչության պահպանման և վերարտադրության միջոց (սա մեկ), որին կոպտորեն հակասում է Ստամբուլյան կոնվենցիան։ Եվ երկրորդը՝ մեր Սահմանադրության 35-րդ հոդվածը, որը տալիս է ամուսնության իրավունքը, հստակ ամրագրում է, որ այդ միությունը տղամարդու և կնոջ ընտրության հիման վրա է»,- շեշտեց սահմանադրագետը։
Հասարական գործիչն ասաց, որ Հայաստանում գործում է ընտանիքի այն մոդելը, ըստ որի՝ այն տղամարդու և կնոջ միջև գիտակցական միությունն է, որն իրականացվում է համատեղ կենցաղավարությամբ, փոխադարձ սիրո, հարգանքի հիման վրա, մարդկային սերնդի վերարտադրության, դաստիարակելու, առավել դրականի փոխանցելու համար։ «Վենետիկյան հանձնաժողովի ընտանեկան կոնցեպտը հետևյալն է․ ընտանիքը երկու անձանց (պարտադիր չէ տարասեռ) գիտակցական միությունն է հենված ամուսնական պայմանագրի հիման վրա»,- ընդգծեց Վարդան Այվազյանը։
«Կոնսոլիդացիա պլյուս մեկ» շարժման մասով՝ հասարակական կազմակերպության ղեկավարն ասաց, որ երկրում առկա է ծայրաստիճան բևեռվածություն, անհանդուրժողականություն, թշնամական վերաբերմունք՝ հատկապես նախկին և ներկա իշխանավորների միջև, և կազմակերպության խնդիրն է, որ հասարակության բոլոր ռեսուրսները համախմբվեն և ուղղորդվեն ի շահ Հայաստանի։
Մանրամասները տեսանյութում