Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arsen-Babayan
A A
Քաղաքականություն

Կփոխվի՞ Արսեն Բաբայանի խափանման միջոցը

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանի  փաստաբանական խումբը Վերաքննիչ բողոք է ներկայացրել իր պաշտպանյալին կալանավորումից ազատելու համար։ «Նիստի օրը դեռևս հայտնի չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Երվանդ Վարոսյանը։

Փաստաբանները նաև հոկտեմբերի 29-ին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն ընտրված խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու մասին։ Երաշխավորներն են «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, որոնք գրավոր դիմել էին քրեական հետապնդում իրականացնող մարմիններին։

Հարցին, թե դատախազությունն ի՞նչ  է պատասխանել և ի՞նչ ժամկետներ են նախատեսված, Վարոսյանը պատասխանեց․ «Կարծում եմ, որ հաշվի առնելով միջնորդության բովանդակությունը, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին, մենք արդեն պիտի պատասխան ունենայինք դատախազությունից, բայց դեռ չունենք»։

Երաշխավորության վերաբերյալ մեկնաբանության համար «Ա1+»-ը կապ հաստատեց նաև Գլխավոր դատախազության հետ։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ սահմանված ժամկետներում դրա կապակցությամբ որոշում կկայացվի։ «Այս պահին այս եմ կարող ասել»։

 Դիտարկմանը, թե «Ա1+»-ի հետ զրույցում Վարոսյանն ասել էր, թե միջնորդության բովանդակությունը, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին, արդեն պիտի պատասխան լիներ, Աբրահամյանը պատասխանեց․ «Այս պահին քննարկման փուլում է։ Դատավարական ժամկետներում էլ որոշում կկայացվի, իրենց կտեղեկացվի դրանց վերաբերյալ սահմանված կարգով»։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը կալանավորվել է հոկտեմբերի 24-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով  (Սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ Բաբայանը, 2018 թվականին լինելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Նրա փաստաբանների պնդմամբ՝ Բաբայանին առաջադրվել է ապօրինի մեղադրանք, և դա օգտագործվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վրա ճնշումներ գործադրելու համար։