Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իշխանությունը մտահոգվելու առիթ չունի Սերժ Սարգսյանի հնարավոր ասելիքից․ Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Սերժ Սարգսյանի հնարավոր խոսելու մեջ որևէ խնդիր չի տեսնում և միևնույն ժամանակ կարծում է, որ Սերժ Սարգսյանը ստեղծում է իրականության հետ կապ չունեցող պատկերացումներ։  «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նման տեսակետ հայտնեց պատգամավորը։

«Կեղծ ակնկալիքներ է ձևավորում հանրության մոտ, այն մասին, որ ինքը շուտով կխոսի և թող հանրությունը պատրաստվի։ Եթե նրանք իրականությունից վերջնականապես կտրված չեն, ապա պետք է հասկանան, թե հանրությունից ինչ իմպուլսներ են գալիս և մարդիկ ինչպես կարձագանքեն իր խոսելուն։ Թող խոսի, որևէ խնդիր չեմ տեսնում, յուրաքանչյուր ոք ազատ արտահայտվելու իրավունք ունի և կախված նրանից, թե դու ո՞վ ես, ի՞նչ ես արել կամ չես արել, հանրությունը ըստ այդմ կտա իր արձագանքը»,- ընդգծեց Հայկ Կոնջորյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ ժամկետը մոտենում է և ինքը պատրաստվում է անկեղծ զրույց ունենալ  քաղաքացիների հետ։

Հանրության տարբեր խավերում Սերժ Սարգսյանի ասելիքին սպասողներ կա՞ն, հետաքրքրվեցինք Հայկ Կոնջորյանից։ 

«Ես, իհարկե, կարծում եմ, որ չի սպասվում այն տեսանկյունից, որը փորձ է արվում  ներկայացնել։ Իր կյանքը ավելի լավ դարձնելու տեսանկյունից, հասարակությունը չի կարող սպասել Սերժ Սարգսյանի կամ նախկին ռեժիմի ներկայացուցիչների խոսքին։ Մարդիկ կարող են սպասել հերթական անգամ զայրանալու, վերհիշելու, թե ինչից են իրենք ազատվել։ Խոշոր իմաստով մարդիկ չեն սպասում նրա խոսքին»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

 Հայկ Կոնջորյանը վստահ է՝ իշխանությունը մտահոգվելու առիթ չունի Սերժ Սարգսյանի հնարավոր ասելիքից։

«Հայաստանում ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ մամուլն ազատ է, իշխանությունը թափանցիկ և հաշվետվողական է, հետևաբար, մեզ համար խնդիր չէ, թե ո՞վ և ի՞նչ կխոսի»,- շեշտեց պատգամավորը։

 Մանրամասները՝ տեսանյութում։