Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատոճային ըմբիշներից մեդալի համար կպայքարի միայն 61կգ քաշային Արսեն Հարությունյանը:
Եվրոպայի մեծահասակների գործող չեմպիոնը հաղթանակներ տանելով առաջին երկու փուլերում, մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը հնդիկ Ռավինդեր Ռավինդերն էր, որը որակավորման երկու փուլերում բացահայտ առավելության էր հասել իր մրցակիցների նկատմամբ (12:1, 11:0) և մաքուր հաղթանակներ էր տարել:
Արսեն Հարությունյանը բավական լավ սկսեց գոտեմարտը և առաջին երեք րոպեից հետո առջևում էր 3:0 հաշվով: Սակայն երկրորդ մրցափուլում հնդիկ ըմբիշը մեր մարզիկին պառկեցրեց թիակների վրա և մաքուր հաղթանակ տարավ: Արսեն Հարությունյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը, 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը և գերծանր քաշային Հովհաննես Մաղաքյանը պարտվեցին նախնական փուլում և դուրս մնացին ոսկե մեդալի համար պայքարից: