«Ալաշկերտը» պատահական գոլի հաշվին հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում այսօր կայացավ 1-ին տուրից հետաձգված «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը:
Հանդիպումը նախևառաջ սկզբունքային նշանակություն ուներ դաշտի տերերի համար, որոնք արդեն 6 միավորով ետ են մնում երկու առաջատարներից՝ «Արարատից» ու «Շիրակից»: Իսկ ահա գործող չեմպիոնը, որը երկու խաղ քիչ է անցկացրել, 22 միավորով զբաղեցնում էր 3-րդ տեղը:
Հանդիպումը հաջող սկսվեց հյուրերի համար, որոնք 30-րդ րոպեին Սանոգոյի օգնությամբ բացեցին հաշիվը: Սակայն, ութ րոպե անց ալաշկերտցիները հավասարացրին այն: Եզրային փոխանցումից հետո Նիկիտա Տանկովը գլխի հարվածով գրավեց դարպասը:
Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ դիրքային պայքարում: Կողմերին երկար ժամանակ չէր հաջողվում գոլային պահեր ստեղծել: Թվում էր, որ հանդիպումն այդպես էլ ոչ-ոքի կավարտվի, սակայն 89-րդ րոպեին «Ալաշկերտի» եզրային գրոհից հետո «Արարատ-Արմենիայի» պաշտպան Անժելով Մենեզեսն անփութորեն հեռացրեց գնդակը և այն դիպչելով տանտերերի ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլիշիչի մեջքին և ակամայից հայտնվեց դարպասում:
Այդպիսով, տանտերերի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ, վաստակեց 22 միավոր և հավասարվեց հենց «Արարատ-Արմենիային», որը, սակայն, դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել:
Հյուրերի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպումից հետո գոհ էր թիմի ցուցադրած ֆուտբոլից, սակայն միաժամանակ նշեց, որ խաղացողների մոտ դեռ լավ չի ստացվում գրոհների եզրափակիչ փուլը: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը թիմի տարած հաղթանակտ բացատրեց նրանով, որ ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջի րոպեն և դրա շնորհիվ հասան նպատակին: